Բաժիններ՝

Սյունիքում 67-ամյա կինը նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն. բնակարանը հատուկ կահավորվել ու տրամադրվել է մարմնավաճառների

Սյունիքի մարզում 67-ամյա կինը մեղավոր է ճանաչվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ։ Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 3 տարի ժամկետով ազատազրկում։ Ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ինչ մեղադրանք է առաջադրվել

Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով այն բանի համար, որ նա, նպաստելով պոռնկությամբ զբաղվելուն, իր բնակարանը հատուկ կահավորել ու մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով պարբերաբար տրամադրել է մարմնավաճառների ու վերջիններիս կողմից բնակարան այցելած տղամարդ հաճախորդների հետ որոշակի գումարի դիմաց ունեցած սեռական հարաբերություններից ստացել է գույքային օգուտ։

Ինչ ցուցմունք են տվել վկաները

Ըստ դատական ակտի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և օգտվելով իր իրավունքից` հրաժարվել է ցուցմունք տալուց ու հարցերին պատասխանելուց: Դատարանը, սակայն, հիմնավորված է համարել ամբաստանյալի մեղքը։

Ըստ դատական ակտի՝ վկա կանանցից մեկը ցուցմունք է տվել, որ ամբաստանյալը զանգահարել է իրեն և հրավիրել տուն: Գնացել է նրա տուն, որտեղ սեռական հարաբերություն է ունեցել անունով մի տղամարդու հետ, ինչի դիմաց ամբաստանյալն իրեն է տվել 3000 դրամ: Դրանից հետո տարբեր օրեր մի քանի անգամ՝ նույն տղամարդու, և մոտ 4-5 անգամ էլ՝ մի զինվորի հետ է սեռական հարաբերություն ունեցել այդ տանը: Չի կարող ասել, թե ամբաստանյալն ինչքան գումար էր վերցնում նրանցից: Վերջինս իրեն տալիս էր 2000 կամ 3000 դրամ, և քանի որ ինքը գումար էր պարտք ամբաստանյալին, նա գումարի մի մասը վերցնում էր իրեն: Նշել է նաև, որ սեռական հարաբերություն ունենալուց առաջ ամբաստանյալն իրեն էր տալիս պահպանակ, թուղթ և ներքնակ:

Վկաներից մեկն էլ ասել է, որ եղել են դեպքեր, երբ ամբաստանյալից պարտքով հագուստ է գնել: Ամբաստանյալը զանգահարել է իրեն և ասել, որ տղամարդ կա, ով ուզում է գումարի դիմաց իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Պարտքը մարելու համար ստիպված գնացել է ամբաստանյալի բնակարան և սեռական հարաբերություն ունեցել այդ տղամարդու հետ: Դրանից հետո էլ մի քանի անգամ տանը սեռական հարաբերություն է ունեցել տարբեր տղամարդկանց հետ:

Նշենք, որ դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան մեկամսյա ժամկետում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս