Ի՞նչ կտա Հայաստանին «Մեղրի-Նորդուզ» անցակետի գործարկումը. պարզաբանում է Արմեն Իսրայելյանը

Իրանի նախագահ Հասան Ռուհանին օրերս կարգադրություն է ստորագրել, համաձայն որի՝ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է ի կատար ածել «Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետը համատեղ օգտագործելու մասին համաձայնագիրը», որը, Մեջլիսում ընդունվելուց հետո, օրերս հաստատվել էր նաև ԻԻՀ Սահմանադրության պահապան խորհրդի կողմից: Իրանագետ Արմեն Իսրայելյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հնարավորություններ է դա ստեղծում Հայաստանի համար, և որո՞նք պետք է լինեն մեր քայլերը։

«Սա Հայաստանի և Իրանի այն կարևորագույն ծրագրերից մեկն է, որը ստորագրումից հետո շատ կարճ ժամանակահատվածում անցավ համապատասխան օրենսդրական ընթացակարգերն ու, ի վերջո, օրենքի ուժ ստացավ։ Շատ հետաքրքիր է, որ Իրանի նախագահի կարգադրությունից անմիջապես հետո Հայաստան գործուղվեց Իրանի նախագահի խորհրդականը, որը նաև համակարգում է ազատ տնտեսական գոտիների գործունեությունը։ Հայաստանում նա հանդիպեց տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարների հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետը։

Ըստ նրա՝ «Մեղրի-Նորդուզ» անցակետի գործարկումը կնպաստի ոչ միայն երկկողմ առևտրաշրջանառության, զբոսաշրջության զարգացմանն ու ներդրումների ծավալների մեծացմանը, այլ նաև միտված է՝ որպես տարանցիկ միջանցք օգտագործելուն։

«Այսինքն՝ ոչ թե մենք կարող ենք մեր երկկողմ առևտրաշրջանառությունն իրականացնել, այլև «Մեղրի-Նորդուզ» անցակետը ծառայեցնել՝ որպես տարանցիկ միջանցք, որը փոխշահավետ համագործակցություն կձևավորի երկու երկրների հարաբերություններում։ Սա Պարսից ծոց-Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով և Եվրոպա միջանցքն է, իսկ «Հյուսիս-Հարավ» ճանապարհն արդեն Հայաստանի տարածքում կառուցվող ճանապարհն է»,- պարզաբանեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության առաջին փուլն ավարտված է, հիմա երկրորդ փուլի աշխատանքներն են տարվում, որպեսզի մի քանի տարի հետո կարողանանք Վրաստանից մինչև Մեղրի լավ ճանապարհ ունենալ և դրա միջոցով մեծացնել մեր առևտրաշրջանառությունը։

Հարցին՝ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության վրա, նա այսպես պատասխանեց.

«Ընդհանուր առմամբ, բացասական կազդեն տնտեսական միջավայրի վրա։ Ցանկացած նման իրողություն, լինի դա գերտերությունների կողմից պատժամիջոցի կիրառում, որն ուղղված է մեր հարևան գործընկերոջը, պատերազմ կամ անկայունություն, անպայման իրենց բացասական ազդեցությունն ունենալու են տնտեսական միջավայրի վրա, ներդրողների մոտ որոշակի անհանգստություններ են առաջացնելու։ Բայց չեմ կարծում, որ Հայաստանի և Իրանի կողմից իրականացվող ծրագրերի վրա դրանք ազդեցություն ունենան։ Այդ պատժամիջոցներն ուղղակի այն ոլորտներին չեն առնչվում, որոնց շուրջ Իրանն ու Հայաստանը բանակցում են և փորձում իրենց ծրագրերն իրականացնել։ Իհարկե, Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է, բայց որևէ խնդիր երբևէ չի առաջացել, և գլոբալ առումով եղած պահանջները Հայաստանն ի կատար է ածել»։

Տեսանյութեր

Լրահոս