8-ամյա աղջնակը մահացել էր. «Լեքսուսի» երիտասարդ վարորդը դիմել էր փախուստի
Կապանում 8-ամյա աղջնակին մահացու վրաերթի ենթարկելու գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Նախաքննության ընթացքում երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հուլիսի 21-ին` ժամը 22:10-ի սահմաններում, թեթև աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում վարելով «Լեքսուս GX 470» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի Մ-2 ավտոմայրուղու 308-րդ կմ հատվածում՝ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի վերջնամասում, խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, վրաերթի է ենթարկել ճանապարհի երթևեկելի մասն իր վարած ավտոմեքենայի ընթացքի ուղղությամբ ձախից դեպի աջ հատող հետիոտն անչափահաս աղջկան: Կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքների պատճառով երեխան մահացել է:
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու արդյունքում անզգուշությամբ աղջկա մահն առաջացնելուց հետո դիտավորությամբ թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ իր վարած ավտոմեքենան դուրս է բերել դեպքի վայրից և դիմել փախուստի:
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:
Քրեական գործը մակագրվել է դատավոր Դավիթ Սարգսյանին: