
«Սանահինի» տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի: Սա ՀՀ մշակույթի նախարարության դիրքորոշումն է:
«Մշակույթի նախարարությունը պաշտոնապես դիմել է Լոռու մարզպետին, Ալավերդու քաղաքապետին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` հնարավոր սեղմ ժամկետում վանական համալիրի տարածքից գերեզմանը տեղափոխելու և պատմական միջավայրը վերականգնելու համար»,- մեր հարցմանը պատասխանեց մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Գոհար Գրիգորյանը:
Նրա խոսքով, ստեղծվել է աշխատանքային մասնագիտական խումբ` հուղարկավորության հետեւանքով պատճառված վնասը գնահատելու նպատակով: Մասնագետներն աշխատել են Սանահինում եւ ներկայում պատրաստում են համապատասխան փաստաթղթերը, այդ թվում` տեղահանված տապանաքարերի վերատեղադրման աշխատանքների նախահաշիվը:
Գերեզմանը տեղափոխվելուց հետո այդ աշխատանքը կստանձնի մշակույթի նախարարությունը: Սանահինի վանական համալիրի տարածքում նոր թաղում կազմակերպվելու մասին հայտնի էր դարձել հունիսի կեսին: Այդ ընթացքում տեղահանվել էին նաև հին տապանաքարեր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: