Հայ գիտնականը նվերներ է պատրաստել Պուտինի և Թրամփի համար. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը, որը զբաղվում է արևային էներգիայի օգտագործման հարցերով, նվերներ է պատրաստում Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին:
Պուտինին նա ապխտած ձուկ է նվիրելու՝ արևային տեխնոլոգիայով պատրաստված, իսկ ԱՄՆ նախագահի համար մեր պրոֆեսորը արևային սարքի միջոցով հնդկահավ է խորովելու: Ինչո՞ւ են հենց նրանք արժանացել պրոֆեսորի ուշադրությանը: Համազասպյանը պատասխանում է. «Որպես գերտերության ներկայացուցիչներ, որ ցույց տանք, որ Հայաստանում մշակված է տեխնիկա, որն իրենք չունեն, որ իրենք մեզ էլ հաշվի առնեն և համագործակցեն:
Այժմ Վահան Համազասպյանը բանակցություններ է վարում ՌԴ խոշորագույն արգելոցներից մեկի՝ «Բայկալ ազգային պարկի» հետ: «Մենք առաջարկել ենք այնտեղ մեր արևային սարքերից տեղադրել: Անտառներում խորոված են անում, որից հետո հրդեհներ են տարածվում, իսկ արևային սարքը նման ռիսկեր չի առաջացնում:
Համազասպյանը մտադիր է նվերը Պուտինին հանձնել սեպտեմբերի 28-ին: Այդ օրը Հայաստանի ապրանքարտադրողների միությունը Երեւանում մեքենաշինարարների կոորդինացիոն խորհրդի նիստ է անելու, որին մասնակցելու են գործարանների տնօրեններ եւ բարձրաստիճան չինովնիկներ ՌԴ նախագահի աշխատակազմից: Վահան Համազասպյանն իր սարքի պրեզենտացիոն նմուշը ներկայացնելու է այդ օրը: Վստա՞հ եք, որ Պուտինն ապխտած ձուկ է սիրում՝ հարցրինք նրան։ «Դե, եթե բռնում է, ուրեմն կսիրի: Ես ելույթ եմ ունենալու ու ասելու եմ, որ Պուտինը ձուկ բռնելուց լավ է, բայց պատրաստելու տեխնոլոգիաներ չունի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: