Բաժիններ՝

«Եթե օրենքի շրջանակներում չէ, գլուխը քարին կտա մեկը, որ ավագանու անդամներին անվստահություն կհայտնի». Վարդևան Գրիգորյանը՝ Սամվել Բալասանյանի հայտարարության մասին

Ինչպես հայտնի է, Գյումրու ավագանու երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայկական Վերածնունդը» և ԳԱԼԱ-ն, որոշում են կայացրել դադարեցնել ավագանու նիստերը բոյկոտելը: 168.am-ը ԲՀԿ խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունեն իրենք, հնարավո՞ր է՝ իրենք նույնպես դադարեցնեն բոյկոտը: Ի պատասխան՝ նա ասաց, որ դեռևս որոշում չունեն, բայց առաջիկայում որոշում կկայացվի, ու կիրազեկեն:

Նա հստակեցրեց, որ մինչև սեպտեմբերի սկիզբ իրենք կորոշեն՝ մասնակցելո՞ւ են ավագանու նիստերին, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ ավագանու վերջին նիստում քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել էր, թե աշնանային նստաշրջանին նիստերը բոյկոտող ավագանու անդամներին անվստահություն կհայտնվի: «Եթե օրենքի շրջանակներում է, իրենց իրավունքն է, եթե օրենքի շրջանակներում չէ, գլուխը քարին կտա մեկը, որ ավագանու անդամներին անվստահություն կհայտնի»,- նշեց Վ. Գրիգորյանը՝ խոսելով Սամվել Բալասանյանի հայտարարության մասին:

Հարցին, թե՝ Ձեր՝ ավագանու նիստներին մասնակցել-չմասնակցելու որոշման վրա դա ինչպե՞ս կարող է անդրադառնալ, Վ. Գրիգորյանը պատասխանեց, որ դա չի կարող անդրադառնալ իրենց որոշման վրա. «Որովհետև ավագանու անդամ դառնալը կամ ավագանու ընտրություններին մասնակցելը մեզ համար ինքնանպատակ չի եղել»:

Հիշեցնենք նաև, որ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի խմբակցություններ բաժնում կարելի է տեսնել միայն իշխող «Բալասանյան» դաշինքի անունը և խմբակցության կազմը: Մյուս երեք ընդդիմադիր խմբակցությունների՝ «Հայկական Վերածնունդի», «Բարգավաճ Հայաստանի» և ԳԱԼԱ-ի տվյալները չկան: Մեզ հետ զրույցում Գյումրու համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը պարզաբանել էր, որ մյուս երեք խմբակցությունները չեն ներկայացրել այն համապատասխան փաստաթղթերի փաթեթը, որն օրենքով անհրաժեշտ է կայքում այդ խմբակցության տվյալները մուտքագրելու համար:

Մենք Վ. Գրիգորյանից նաև հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է պատճառը, որ չեն ներկայացրել այդ փաստաթղթերի փաթեթը: Ի պատասխան՝ նա ասաց. «Եթե կուսակցությունն ուրիշ ցուցակ չի ներկայացնում ընտրություններից հետո, այդ ցուցակն ավտոմատ հաստատվում է: Մենք անցել ենք, այդ ցուցակը ներկայացված է եղել մինչև ընտրություններ, ունեցել ենք 9 տեղ, կրկնակի բոնուսի արդյունքում՝ մենք կորցրել ենք մի տեղ: Ես ԱԺ պատգամավոր անցնելուց հետո ինքնաբացարկ եմ ներկայացրել, հիմա 8 ավագանու անդամներ ունենք Գյումրիում: Մենք պետք է ներկայացնեինք փաթեթ մեր կանոնադրության վերաբերյալ: Եթե որոշենք, որ էլ չենք մասնակցելու ավագանու նիստերին, ԲՀԿ կանոնակարգը չենք ներկայացնի, եթե որոշենք, որ մասնակցելու ենք, կներկայացնենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս