ԵԱՏՀ-ն դրական է գնահատում տնտեսական ակտիվության մակարդակը ԵԱՏՄ-ի երկրներում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերլուծաբանների գնահատմամբ` ԵԱՏՄ-ի երկրներում տնտեսական ակտիվության մակարդակն ընդհանուր առմամբ շարունակում է բարձր մնալ երկարաժամկետ միջին մեծություններից, մասնավորապես, տնտեսական ակտիվության հետագա աճ է ակնկալվում Ղազախստանում եւ Ղրղզստանում, ինչի մասին վկայում են հանրագումարային համընկնող և հանրագումարային առաջանցիկ ինդիկատորների մեծությունները, որոնք հաշվարկվում են ԵԱՏՀ-ում:
Ինչպես տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, այդ ցուցիչները նաև վկայում են կարճաժամկետ ժամանակաշրջանում ԵԱՏՄ-ի անդամ պետությունների զարգացման նպաստավոր հեռանկարների մասին: Առաջանցիկ հանրագումարային ինդիկատորների մեծությունները Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի համար նշում են, որ նրանց տնտեսությունները գտնվում են տնտեսական ակտիվության աճի եւ դանդաղման փուլերի միջեւ, ընդ որում՝ ռիսկերը տեղափոխված են աճի տեմպերի նվազման կողմը:
Համընկնող հանրագումարային ինդիկատորները հիմնվում են ՀՆԱ-ի տվյալների վրա, անհրաժեշտության դեպքում տվյալներ են օգտագործվում տնտեսական գործունեության առանձին տեսակների վերաբերյալ: Դրանք տնտեսության վիճակին գնահատական են տալիս գործարար ցիկլի առումով: Հանրագումարային առաջանցիկ ինդիկատորները հիմնվում են հատուկ ընտրված ցուցանիշների վրա՝ նպատակ ունենալով պատկերացում կազմել կարճաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ-ի անդամ պետություններում տնտեսական ակտիվության փոփոխման դինամիկայի ուղղության վերաբերյալ: Ցուցիչները հաշվարկելիս հաշվի են առնվում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից կիրառվող մոտեցումները:
2017 թվականի հունվար-հուլիսին 2016 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ՀՆԱ-ի աճի տեմպերի ընթացիկ գնահատականներն են՝ Հայաստան՝ +6,1 տոկոս (ԵԱՏՀ-ի գնահատմամբ), Բելառուս՝ +1,0 տոկոս (ազգային վիճակագրական մարմինների տվյալներով), Ղազախստան՝ +4,2 տոկոս (Ղազախստանի ազգային Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ), Ղրղզստան՝ +6,4 տոկոս (ազգային վիճակագրական մարմինների տվյալներով), Ռուսաստան՝ +1,7 տոկոս (ՌԴ տնտեսական զարգացման նախարարության գնահատմամբ):