Գերմանիայում ավտոտերերը զեղչ կստանան հին «դիզելը» նոր ավտոմեքենայով փոխելիս
Գերմանիայի իշխանությունները եւ ավտոարտադրողները վճռականորեն ձեռնամուխ են եղել երկրում դիզելային ավտոմոբիլների հավաքակազմի նորացմանը։
Այն բանից հետո, երբ ճանաչվել է, որ վառելիքի այդ տեսակն այնքան էլ էկոլոգիական չէ, ինչպես նախկինում էր համարվում, կառավարությունն առաջատար ընկերությունների հետ համատեղ մի շարք միջոցներ է ձեռնարկել: Դրանցից մեկը ենթադրում է հավելավճարներ այն ավտոտերերին, ովքեր կորոշեն հին դիզելային շարժիչով մեքենաները փոխարինել նոր փոխադրամիջոցներով: Օգոստոսի 8-ին հայտնի են դարձել այդ զեղչերի չափերը:
Օրինակ՝ Volkswagen-ը պատրաստակամություն է հայտնել 6 հազարից մինչեւ 10 հազար եվրո գումար դրամատրել նոր ավտոմեքենայի գնմանը: Դա այն դեպքում, եթե սպասարկյալը ցանկանա «Եվրո-2», «Եվրո-3» կամ «Եվրո-4» ստանդարտի շարժիչով փոխադրամիջոցը փոխարինել նոր տիպի դիզելային ավտոմոբիլով:
Համանման զեղչեր է առաջարկել Audi-ն՝ 3 հազարից մինչեւ 7 հազար եվրո: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Գերմանիայի տրանսպորտի եւ թվային ենթակառուցվածքի նախարար Ալեքսանդր Դոբրինտը, կառավարությունը նպատակահարմար է գտնում նպաստել շրջանառությունից հին նմուշի դիզելային շարժիչներով ավտոմոբիլների աստիճանական հանմանը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: