«Եթե կարողանան իրենց լեզուն մեզ պարտադրել, դա կնշանակի, որ մենք պարտվեցինք գենետիկորեն». գրականագետ

Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանի կարծիքով՝ ՌԴ պաշտոնյայի կողմից ռուսերենը որպես ՀՀ պետական երկրորդ լեզու ընդունելու առաջարկը բնական է, քանի որ դա կայսերական մտածողություն է, կայսերական քաղաքականություն:

«Մեր լեզուն մեր ինքնության պահպանման հիմնական գրավականն է, դարեր ի վեր մենք մեր գրի նկատմամբ ունեցել ենք սրբազան վերաբերմունք: Եվ բոլորովին պատահական չէ, որ բուռն է ընդունվում առաջարկը, որը դեռևս ցարական կառավարության ժամանակ էլ եղավ: Մենք մեր ինքնությունը պահպանել ենք մեր լեզվի և մշակույթի միջոցով, ինչքան էլ ուզենան, այնտեղից փորձեր արվեն, մենք ամուր ենք մնալու մեր լեռների պես»,- նշեց բանախոսը:

Գրականագետի դիտարկմամբ՝ սա քաղաքական մոտեցումների արդյունք է: Այս երկխոսությունը մեր հարևան երկրի՝ Ռուսաստանի հետ խոսում է այն մասին, որ կայսերական գիտակցություն ունեցող երկիրը փորձում է մեզ կլանել, դարձնել իր մի մասը:

Արմեն Ավանեսյանի համոզմամբ՝ սրանք ամեն դեպքում սոսկ խոսակցություններ են, չի լինի նման բան: «Նախ և առաջ՝ մենք թույլ չենք տա. ոչ միայն մտավորականությունը, այլև քաղաքական գործիչներն էլ այնքան խելացի կլինեն, որ թույլ չեն տա նման բան»,- ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ մենք ունենք պետական լեզու: Շատ երկրներ կան, որ ունեն 3-4 պետական լեզու և ասում են, որ մեկը մյուսին չի խանգարում, բայց այստեղ պետականության հարցն է:

«Դեռևս 2000 տարի առաջ ունեցել ենք պետականություն, մեր արքաներն իրենց հրովարտակները գրել են մեր լեզվով, աղոթքները 1500 տարի առաջ կարդացվել են մեր լեզվով: Լեզուն ու գիրն իրար հետ շատ կարևոր են, քանի որ լեզվի պահպանումը նաև գրի միջոցով է լինում»,- նշեց բանախոսը:

Իսկ 168.am-ի այն հարցին, թե ի՞նչ հնարավոր վտանգներ կլինեն, եթե, այնուամենայնիվ, ռուսերենն ընդունվի՝ որպես պետական երկրորդ լեզու, Արմեն Ավանեսյանը պատասխանեց.

«Վտանգները շատ-շատ են: Մեծ մասամբ դա կենթադրի լեզվի միջոցով նաև սեփական մշակույթի պարտադրում, նաև սեփական քաղաքականության պարտադրում: Պատերազմների ժամանակ սովորաբար փորձում են իրենց մշակույթը պարտադրել, այդ իմաստով կարողանում են տեր դառնալ տվյալ երկրին, և, եթե կարողանան իրենց լեզուն մեզ պարտադրել, դա կնշանակի, որ մենք պարտվեցինք գենետիկորեն»:

Հիշեցնենք, որ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի հայկական վարորդական իրավունքներն ընդունվեն Ռուսաստանում:

Անի Թորոսյան

 

Տեսանյութեր

Լրահոս