Գլոբալ տաքացումը մինչեւ 2100 թվականը կբերի ԱՄՆ-ում 1,9 մլն շենքերի խորտակման
ԱՄՆ-ում շուրջ 1,9 մլն շենքեր ջրասույզ կլինեն այն դեպքում, եթե Համաշխարհային օվկիանոսի մակարդակը մինչեւ 2100 թվականը բարձրանա 2 մետրով, եւ այդժամ կորուստները կարող են հասնել 882 մլրդ դոլարի:
Այս կանխատեսմամբ հանդես են եկել Zillow Research գործակալության փորձագետները, որոնք զբաղվում են անշարժ գույքի շուկայի իրադրության վերլուծությամբ: Նրանք օգտագործել են Օվկիանոսների եւ մթնոլորտի խնդիրների ազգային վարչության տվյալները եւ եկել այն եզրակացության, որ կլիմայի գլոբալ տաքացումից առավել մեծ չափով կտուժեն ԱՄՆ-ի արեւելյան ափի նահանգները, առանձնապես Ֆլորիդայի նահանգը:
Ըստ նրանց գնահատումների, այնտեղ կհեղեղվի 413 մլրդ դոլարի ընդհանուր արժողությամբ 943 հազար 411 տուն: Ֆորտ Լոդերդեյլում, ըստ կանխատեսման, ջրի տակ հայտնվի 38 հազար տուն, Մայամի-Բիչում՝ 37 հազար 500 տուն: Զգալի կորուստներ են սպառնում Նյու Ջերսիի նահանգին, որտեղ խորտակման սպառնալիքի տակ է հայտնվել 190 հազար 429 տուն, Հարավային Կարոլինային՝ գրեթե 84 հազար շենք, եւ Հյուսիսային Կարոլինային՝ 57 հազար շենք:
Նյու Յորքի նահանգում օվկիանոսի մակարդակի բարձրանալու հետեւանքով ջրի տակ կարող է հայտնվել 96 հազար 708 շենք, եւ նահանգի իշխանություններն արդեն սկսել են միջոցներ ձեռնարկել սպառնալիքի տակ հայտնված շրջանների պաշտպանության համար. ընթացիկ տարում Մանհեթենի արեւելյան ափերի ամրացման աշխատանքներ կսկսվեն: Այնտեղ կառուցվելու է Big U անվանումն ստացած հիդրոտեխնիկական շինություն՝ բետոնե ամբարտակ՝ 3 մետր բարձրությամբ եւ մոտավորապես 3 կիլոմետր երկարությամբ:
«Մանհեթենը խորտակման սպառնալիքին չի ենթարկվի դեռ շատ երկար ժամանակ,-այդ կապակցությամբ նշել է Climate Central ոչ առեւտրային կազմակերպության ներկայացուցիչ Բենջամին Ստրաուսը: «Այդ ոչ մեծ տարածքում այնքան զգալի նյութական ռեսուրսներ են կենտրոնացված, որ կարելի է վստահ լինել, որ շատ լուրջ ներդրումներ կներգրավվեն դրանք պաշտպանելու համար»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: