«Մենք պետք է ցույց տանք, որ հայկական բասկետբոլի զարգացումը ճիշտ ուղու վրա է». Նիկշա Բավցևիչ
Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և հրաշալի արդյունք գրանցեց:
Հայաստանի ընտրանին 82:69 հաշվով առավելության հասավ բավականին ուժեղ մրցակից համարվող Շվեդիայի հավաքականի նկատմամբ:
Առաջին քառորդն ավարտվեց շվեդների առավելությամբ` 23:21, սակայն մեծ ընդմիջումից առաջ հայ բասկետբոլիստները կարողացան առաջ անցնել հաշվի մեջ` 43:42:
Երրորդ քառորդում շվեդները շրջանցեցին երեք միավորի առավելությամբ` 55:58: Վերջին քառորդում գրանցվեց 82:69 հաշիվը:
Վաստակած 23 միավորով հանդիպման լավագույն բասկետբոլիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի խաղացող Ռայան Բոթրայթը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը լրագրողների հետ զրույցում ամփոփեց խաղի արդյունքները.
«Այսօր նույնպես տրիբունաները լիքը չէին: Հուսով եմ, որ Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում ավելի շատ երկրպագուներ կլինեն: Նախորդ խաղից հետո ես ասել էի, որ իմ թիմը, իմ տղաներն արժանի են երկրպագուների մեծ աջակցությանը: Չէ՞ որ նրանք ամեն ինչ ներդրեցին խաղադաշտում: Տղաները խաղացին ոչ թե 70-80, այլ 100 տոկոսով, նրանցից մի քանիսը՝ նույնիսկ 110:
Առաջին և երկրորդ քառորդներից գոհ չեմ, քանի որ մենք շատ ազատ խաղ թույլ տվեցինք Էրիքսոնին: Հետո փոխեցինք մարտավարությունը:
Մեր հաջողության բանալիներից մեկը տուգանայինից ներս ցուցադրած խաղն էր, երկրորդը՝ օղակից անդրադարձող գնդակներին ավելի շատ տիրելը: Հետո երկրպագուների աջակցությունն իսկապես ֆանտաստիկ էր»,- ասաց Նիկշա Բավցևիշը:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը: Մարզիչը նշեց, որ այդ ուղղությամբ չի մտածում և տղաներին նույնպես արգելել է մրցաշարային աղյուսակի մասին մտածել.
«Մենք առաջ ենք շարժվում խաղից խաղ: Պետք է կենտրոնանալ միայն առաջիկա հանդիպման վրա: Մեր խումբը բավական բարդ է: Բայց մենք պետք է ցույց տանք, որ հայկական բասկետբոլի զարգացումը ճիշտ ուղու վրա է: Այս երկու հաղթանակներով, իհարկե, ամեն ինչ ավարտված չէ: Յուրաքանչյուր թիմ կարող է հաղթել սեփական հարկի տակ: Բայց մենք պետք է հաղթենք նաև արտագնա խաղերում: Մենք մեծ խոստումներ չենք տալիս, լուռ կատարում ենք մեր աշխատանքը:
Բասկետբոլիստների նոր սերունդ ունենք: Կարծում եմ՝ մեր թիմն ամենաերիտասարդն է խմբում: Հուսով եմ, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կանեն ամեն ինչ` առաջիկա 5-6 տարիներին այս սերնդին պահելու համար: Սա իսկապես կօգնի հայկական բասկետբոլին»,- եզրափակեց Բավցևիչը:
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ Ամիրան Ամիրխանովն այս հաղթանակն անվանեց մեծ հաղթանակ:
«Սլովակիայի նկատմամբ հաղթանակից հետո շատերը մտածում էին, որ մեր բախտը բերել է: Բայց այս խաղով ապացուցեցինք, որ, ամեն դեպքում, մեզնից պետք է վախենալ:
Մի պահ կարծես թե թուլացրինք, բայց հետո կարողացանք հավաքվել, լավ պաշտպանվել: Աշխարհի առաջնության ընտրական փույում այս մակարդակի խաղ ցույց տալն այնքան էլ հեշտ չէ:
Շատ շնորհակալ եմ մեր երկրպագուներին: Աջակցությունն ուղղակի հիանալի էր: Այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե երեք հազար, այլ 10 հազար երկրպագու կար դահլիճում: Հույս ունեմ, որ սա մեր ուղու միայն սկիզբն է, և առաջիկայում հաղթանակներ են սպասվում»,- ասաց Ամիրխանովը:
Այս հաղթանակից հետ Հայաստանի ազգային հավաքականը միանձնյա գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը: Ընտրական հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի օգոստոսի 9-ին՝ արտագնա խաղում մրցելով Բոսնիա և Հերցոգովինայի հավաքականի հետ:
Սիրարփի Աղաբաբյան