Բաժիններ՝

«Մթին աշտարակը» վարձույթի առաջատարն է դարձել ԱՄՆ-ում

Անցած շաբաթ համաշխարհային վարձույթի գլխավոր իրադարձությունը դարձավ հանդիսատեսների շրջանում դանիացի ռեժիսոր Նիկոլայ Արսելի «Մթին աշտարակը» ֆիլմի անսպասելի հաջողությունը: Սթիվեն Քինգի ֆանտաստիկ էպոպեայի հիման վրա ստեղծված ժապավենն առաջացրել էր քննադատների գրեթե միաձայն բացասական արձագանքը: Այսպես, Rotten Tomatoes պորտալում ֆիլմի վարկանիշը կազմել է ընդամենը 18 տոկոս։

Սակայն առեւտրային անհաջողության մասին կանխատեսումները չարդարացան. ֆիլմն ԱՄՆ-ի վարձույթում առաջին տեղն զբաղեցրեց 19,5 մլն դոլարի չափով դրամամուտքերով: Կինոնկարի արտադրական ծախսերը կազմել էին 66 մլն դոլար: Պրեմիերայի շաբաթվա ընթացքում «Մթին աշտարակը» նաեւ 8 մլն դոլար է վաստացել 19 միջազգային շուկաներում:

Կինոքննադատների կանխատեսումները չարդարացան նաեւ Քրիստոֆեր Նոլանի «Դյունքերք» կինոնկարի հարցում. շատերը նրան առաջատարն էին տեսնում օգոստոսի առաջին շաբաթում, սակայն ժապավենը վարձույթի անցած երրորդ շաբաթվա ընթացքում վաստակել է 17,6 մլն դոլար՝ այդ ցուցանիշով երկրորդ դիրքն զբաղեցնելով Նիկոլայ Արսելի ֆիլմից հետո:

Անցած շաբաթը հաջող էր նաեւ Փեթի Ջենքինսի «Հրաշք կինը» ֆիլմի համար, որն ԱՄՆ-ի վարձույթում հաղթահարել է 400 միլիոնի նշագիծը: Կինոնկարը կինոթատրոններում ցուցադրվում է արդեն տասներորդ շաբաթը: «Հրաշք կնոջ» համաշխարհային դրամամուտքերը կազմել են 794 մլն դոլար: Warner Bros.-ն արդեն հայտարարել է կինոնկարի սիքվելի մասին, որը էկրաններ կբարձրանա 2019 թվականի դեկտեմբերի 13-ին: Գլխավոր դերը կրկին կկատարի իսրայելացի դերասանուհի Գալ Գադոթը, սակայն Փեթի Ջենքինսը դեռեւս վերջնական համաձայնություն չի տվել նոր ժապավենում նկարահանվելուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս