Հարավային Կորեայի դատախազությունը 12 տարվա բանտային կալանք է պահանջել Samsung-ի փոխղեկավարի համար
Հարավային Կորեայի դատախազությունն օգոստոսի 7-ին պահանջել է 12 տարվա բանտային կալանքի դատապարտել Samsung ընկերությունների խմբի փոխնախագահ Լի Չժե Յոնին, որին կասկածում են երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի շրջապատի ներկայացուցիչներին կաշառք տալու մեջ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Սպասվում է, որ դատարանը դատավճիռը կկայացնի մինչեւ օգոստոսի 27-ը, երբ լրանում է նրա նախնական կալանքի ժամկետը: Լի Չժե Յոնը, որը նաեւ զբաղեցնում է Samsung Electronics դուստր ընկերության վարչության նախագահի պաշտոնը, կալանքի տակ է գտնվում ընթացիկ տարվա փետրվարից:
Դատախազության վարկածով, բիզնեսմենը նախկին նախագահի մտերիմ ընկերուհուն՝ Չխվե Սուն Սիլին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու որոշումներ էր ընդունում իշխանությունների կողմից տարբեր զիջումների դիմաց՝ գործերն ավելի արդյունավետ վարելու համար: Ենթադրվում է, որ նա ընդհանուր առմամբ Չխվե Սուն Սիլին փոխանցել է 43,3 մլն վոն (38,3 մլն դոլար):
Քննիչների կարծիքով՝ փոխարենը Samsung-ին աջակցություն է տրամադրվել նրա մի շարք ստորաբաժանումների միաձուլումն իրականացնելու գործում, որոնց բաժնետոմսերի գլխավոր պահառուն պետական կենսաթոշակային հիմնադրամն էր: Այդ գործողությունների նպատակը Լի Չժե Յոնի հսկողության ամրապնդումն էր նրա հոր՝ Լի Գոն Հիի կողմից հիմնադրված Samsung ընկերությունների խմբի նկատմամբ: Լի Չժե Յոնը փաստորեն կորպորացիայի ղեկավարն է, քանի որ նրա հայրն արդեն մի քանի տարի գտնվում է կոմայի մեջ:
Կոռուպցիոն սկանդալը, որին խառն է եղել Լի Չժե Յոնը, այս տարվա մարտին հանգեցրեց նախկին նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման, հաղորդել էՏԱՍՍ-ը: