Փրկարարները երեք օր է՝ չեն կարողանում մարել հրդեհները Հունաստանի Կիթիրա կղզում
Հունաստանի Կիթիրա կղզում երեք օր հրդեհ է մոլեգնում. այրվել է տարածքի մեկ երրորդ մասը, իրադրությունը դուրս է եկել վերահսկողությունից, կղզում արտակարգ դրություն է սահմանվել: Այդ մասին գրել է «Պրոտո տեմա» կայքը:
Հրատարակությունն իրադրությունը որակում է ողբերգական եւ անվերահսկելի: Օգոստոսի 5-ին թվում էր, թե կրակը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել, բայց շուտով այն նոր ուժով է բռնկել շատ վայրերում: Օգոստոսի 6-ին ստիպված տարահանել են Միրտիդիոն վանական միաբանությունը:
«Կղզու կեսն այրվել է, ավերածությունները վիթխարի են: Այրվել են ֆերմաները եւ կենդանիները: Բարեբախտաբար, տները չեն այրվել»,- հրատարակությանն ասել է կղզու մի բնակչուհի: Նրա կարծիքով՝ իշխանություններն ուշացել են կրակի մարման համար ավիացիայի ներգրավման հարցում:
Այժմ կղզում շուրջօրյա հրդեհ են մարում 116 հրշեջներ՝ 38 ավտոմեքենաներով, ու եւս 83 մարդ՝ առանց տեխնիկայի:
Մասնագետներն ասում են բնապահպանական աղետի մասին. մոխրի Է վերածվել կղզու մեկ երրորդը: Կիթիրայի քաղաքագլուխ Էվստրատիոս Խարխալակիսը Հունաստանի ERT հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ այրվել է ավելի քան 1,5 հազար հեկտար անտառ, եւ «դա սեւ օրէ կղզու համար»: Ըստ որում նա չի բացառել հրկիզումը:
Վերջին ժամերին Հունաստանում 12 ագրոանտառային հրդեհներ են տեղի ունեցել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: