Վնասվածքներ, զարկերակային բարձր ճնշում, բարձր ջերմություն. Թագուհի Ստեփանյան
Շոգ եղանակով պայմանավորված շտապ բուժօգնության ծառայության կանչերի ավելացում դեռ չի նկատվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Այս օրերին կանչերի ավելացում չի նկատվում: Միայն երկու շաբաթ առաջ էր օրվա ընթացքում մոտ 200 կանչ ավելացել, ներկայում, կարծես, նախկին ցուցանիշն է վերականգնվել: Այս սեզոնին սովորաբար օրվա ընթացքում սպասարկում ենք մոտ 670 կանչ»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքով, հիմնական կանչերն առնչվում են խրոնիկ հիվանդներին, ճնշման հետ խնդիր ունեցողներին: Քիչ չեն վնասվածքների հետ կապված զանգերը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-11-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39…+41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:
Խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն: