«ՀՀ նախագահի Իրան այցից հայկական կողմը լուրջ ակնկալիքներ պետք է ունենա». իրանագետ

Իրանագետ Կարեն Մկրտչյանի դիտարկմամբ՝ ՀՀ նախագահի՝ իրանական մամուլին տված հարցազրույցներն աչքի են ընկնում իրենց հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ համապարփակ վերլուծությամբ։

Ըստ իրանագետի՝ Ս. Սարգսյանի հարցազրույցներից պարզ է դառնում, որ երկկողմ հարաբերությունները ձևավորվել են պատմական ամուր հիմքի վրա.

«Սա շատ կարևոր է այն տեսակետից, որ պետք է հաշվի առնենք, որ հայ-իրանական հարաբերությունները երկկողմ բարիդրացիական հարաբերություններ են։ Ընթացիկ տարում լրանում է հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Ընդհանուր առմամբ՝ զարգացման մեծ տեմպեր են ունեցել հարաբերությունները, որոշ ժամանակափուլերում եղել են որոշակի դադարներ, որոնք պայմանավորված են եղել տվյալ ժամանակահատվածի թելադրանքով, իսկ ընդհանուր առմամբ՝ երկկողմ հարաբերությունները դեռ զարգացման միտում ունեն»,- նկատեց Կ. Մկրտչյանը։

Նա կարևորեց նաև այն, որ այսօր կայանալիք Իրանի Իսլամական Հանրապետության վերընտրված նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության հանդիսավոր արարողությանը մասնակցում է ՀՀ պաշտոնական պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

«Սա նշանակում է, որ ՀՀ-ն և Իրանն իրենց քաղաքական հարաբերություններում որևէ խնդիր չունեն։ Նախագահի ներկայությամբ երդմնակալության արարողությունը պատվելը նշանակում է, որ ՀՀ-ի և Իրանի երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»,- նշեց իրանագետը։

Նա ընդգծեց, որ պատվիրակության  կազմում է նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը, և ըստ նրա՝ տնտեսական կապերում առաջընթաց գրանցելու համար շատ կարևոր է տնտեսական բլոկի նախարարների այցելությունը և քաղաքական հարթության համատեքստում տնտեսական խնդիրներ լուծելու անհրաժեշտությունը։

«ՀՀ և Իրանի արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նախագահն է նշել, գոյություն ունեն կարևոր ընդհանրություններ։ Դրանցից գլխավորն իրանական միջուկային ծրագիրն է, որին իրանական կողմը կարողացավ բացառապես դիվանագիտական ճանապարհով լուծում տալ, և հարցը լուծվեց խաղաղ բանակցությունների միջոցով։ Հայկական կողմի համար էլ կարևոր է ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորումը։

Արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ և՛ Իրանի, և՛ Հայաստանի արտաքին քաղաքականությունը համընկնում են, որովհետև երկու պետություններն էլ նպատակ ունեն արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվել բացառապես բանակցություննների միջոցով։ Սլաքն ուղղված է նաև Թուրքիային, որը տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներին է  ֆինանսավորում,  փաստորեն նա ևս անվտանգության սպառնալիք է։ Ինչպես նախագահն է նշել՝ Իրանը և Հայաստանն անվտանգության կերտողներն են տարածաշրջանում, և ոչ թե՝ սպառնալիքներ»,- իր խոսքում ասաց իրանագետը։

Ըստ բանախոսի՝ այս այցից հայկական կողմը լուրջ ակնկալիքներ պետք  է ունենա այն իմաստով, որ շուտով կգործարկվի, իսկ արդեն ՀՀ կառավարության կողմից հաստատված է Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծումը, որը, Կ. Մկրտչյանի կարծիքով՝ պետք է դառնա այն հատուկ ծրագիրը, որի միջոցով իրանական և հայկական բիզնեսը պետք է զարգացում ապրի և ավելի լայն տարածվի Հայաստանի տնտեսական այն բլոկի մեջ, որտեղ Հայաստանն ինտեգրված է.

«ԵԱՏՄ անդամ պետությունների  համագործակցության շրջանակում ևս չափազանց կարևոր է, որովհետև իրանական բիզնեսը դուրս է գալիս ոչ միայն՝ հայկական շուկա, այլև՝ ԵԱՏՄ 100 մլն-անոց շուկա, որը բացում է նոր հեռանկարներ և հնարավորություններ իրանական բիզնեսի համար»,- ասաց իրանագետ Կ. Մկրտչյանը։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս