Եկատերինա 2-րդ կայսրուհու` թոռների դաստիարակության կանոնները
Եկատերինա 2-րդ կայսրուհու դաստիարակության սկզբունքներն իսկապես հեղափոխական էին: Նա համարում էր, որ երեխաներին պետք է տալ ճիշտ այնքան կերակուր, որքան օրգանիզմն է պահանջում, այլ ոչ՝ կերակրել մինչև պայթելը, արանքներում միայն սև հաց տալ և չսահմանափակել խաղերը: Խրախուսում էր նաև մարմնի կոփումը:
1784թ. Եկատերինա 2-րդն իր թոռների պաշտոնական դաստիարակի` իշխան Նիկոլայ Սալտիկովի համար ուղեցույց կազմեց:
Կայսրուհու տղան` ապագա կայսր Պավել 1-ինը, դաստիարակվել էր հին մեթոդներով: Նա մեծացել էր մորթեղենի մեջ, անընդհատ կերակրվել, իսկ նրա յուրաքանչյուր քմահաճույքը կատարող դայակները, կայսրուհու խոսքերով, ավելի շուտ ֆիզիկական ու բարոյական վնաս են հասցրել, քան բարի գործ կատարել:
Ինքը` Եկատերինան, չէր կարող միջամտել իր տղայի դաստիարակությանը, և նրան մնում էր միայն հետևել և դիմանալ: Սակայն, երբ 1862թ. պալատական հեղաշրջումից հետո հա դարձավ միահեծան կայսրուհի, Պավելի բնավորությունը, ցավոք, անհուսորեն փչացել էր, և հնարավոր չէր ոչինչ անել: Եվ նա որոշեց, որ, քանի որ իր որդու թույլ առողջությունը և անհաջող բնավորությունը վատ դաստիարակության արդյունք էին, ուրեմն իր թոռները բոլորովին այլ կերպ կդաստիարակվեն:
«Դաստիարակության վերաբերյալ ցուցումներ» վերնագրված մանկավարժական տաղանդավոր տրակտատի մեջ շարադրված են առողջ անհատականություն ձևավորելու սկզբունքները` խստություն, չափի զգացողություն, խելամիտ սահմանափակումներ` զուգորդված բնականության և ազատության հետ:
Դատելով այդ փաստաթղթից` Եկատերինա 2-րդի թոռներին շրջապատող միջավայրն ավելի շատ հիշեցնում էր եվրոպական զարգացած ժամանակակից ընտանիքների կենցաղ, քան ռուսական ավանդական: Կայսրուհու որոշ խորհուրդների հետ այժմյան հոգեբանները համաձայն չեն լինի, իհարկե, սակայն ցուցումների գերակշիռ մասն առավել քան խելամիտ է:
Հետաքրքիր է, որ կայսրուհին չէր սահմանափակվում միայն դաստիարակության վերաբերյալ ուղեցույցի կազմմամբ. նա նաև ընտրել էր ռուսական թվով 126 ասացվածքներ, որով առաջնորդվում էր իր թոռներին դաստիարակելիս, ինչպես նաև գրել էր ուսուցողական 2 հեքիաթ:
Ստորև ներկայացնում ենք Եկատերինա կայսրուհու ցուցումներից մի քանիսը`
- Չարգելել երեխաներին խաղալ, պետք է խաղան՝ որքան ուզում են, քանզի խաղի մեջ նրանց բացարձակ ազատություն տալով` կարող եք շատ բան իմանալ վերջիններիս հակումների և ցանկությունների մասին:
- Դաստիարակները պետք է համբերությամբ լսեն երեխաներին, ինչպես նաև նրանց միջև խոսակցությունները, ապա վերլուծեն և քննարկեն դրանք։
- Պետք է արմատախիլ անել սուտն ու խաբեությունը՝ ինչպես՝ երեխաների, այնպես էլ՝ նրանց շրջապատողների մոտ:
- Հեռու պահել երեխաներին վատ և արատավոր երևույթներից։
- Անընդհատ նկատողություն չանել մռայլ տեսքով և ձայնով, այլ ընդհակառակը, գովել բոլորի ներկայությամբ, եթե նրանք արժանացել են այդ գովեստին:
- Թույլ մի տվեք, որ բղավոցներով և լացով երեխաները հասնեն իրենց ուզածին:
- Չպարտադրել սովորել և չսովորելու համար չպատժել: Լավ սովորելու դեպքում՝ գովել:
- Պետք է խրախուսել երեխաների հետաքրքրասիրությունը, երեխաների տված հարցերը լսել համբերությամբ և անպայման ճիշտ պատասխաններ տալ:
- Ձեր երեխաների մեջ ուսման և գիտելիք նկատմամբ սեր սերմանեք Ձեր իսկ օրինակով:
- Լեզուներ սովորեցնելու ավելի արդյունավետ տարբերակ չկա, քան նրանց հետ այդ լեզուներով խոսելը:
- Արգելվում է երեխաներին ստիպել ինչ-որ բան անգիր անել: Դա հիշողությունը չի լավացնում:
- Վախ ներշնչելով` չեն սովորեցնում, քանզի դողացող ձեռքով գրել չի լինի:
- Երեխաներին խաղից կտրելու լավ եղանակ կա. ստիպել նրան օրական մի քանի ժամ նույն խաղալիքով խաղալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը