Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավոր Բեջերիքլին ձերբակալվել է
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սաադեթ Բեջերիքլին Բաթմանի օդանավակայանում ինքնաթիռից իջնելուց անմիջապես հետո ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Բեջերիքլիին ձերբակալելու մասին որոշում էր կայացվել դեռևս հուլիսի 18-ին: Նա մեղադրվում է «հանցախմբի քարոզչություն» իրականացնելու մեջ:
Թուրքիայի բանտերում շարունակում են կալանավորված մնալ քրդամետ կուսակցության ութ պատգամավոր: Նրանց շարքում է նաև կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:
Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: