«Սոցփաթեթի շահառուները սեպտեմբերից կներառվեն առողջապահական ապահովագրական գործընթացի մեջ». նախարար
Սոցիալական փաթեթի շահառուները սեպտեմբերից կներառվեն առողջապահական ապահովագրական գործընթացի մեջ։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ խոսելով կառավարության ընդունած որոշման մասին։
Ներկայումս, հիշեցնենք, սոցիալական փաթեթի շահառուների համար պետբյուջեից հատկացվող միջոցները բժշկական հաստատություների միջև բաշխվում են նախապես` մինչև կոնկրետ բժշկական ծառայություն մատուցելը, տարվա ընթացքում առաջանում է բաշխված գումարի և պահանջարկի անհամապատասխանություն, և մեծ պահանջարկ ունեցող բժշկական հաստատություններին տրամադրված գումարները ծախսվում են օրացուցային տարվա ավարտից շատ ավելի շուտ:
Փոփոխություններով առաջարկվող մոդելով կառավարությունը, ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, ապահովագրում է սոցիալական փաթեթի շահառուներին ՀՀ-ում գործող առողջության ապահովագրության լիցենզիա ունեցող և սոցիալական փաթեթի շահառուների ապահովագրության ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած ապահովագրական ընկերություններում, և շահառուն հնարավորություն է ունենում՝ առանց որևէ հավաստագրի, միայն անձը հաստատող փաստաթղթի միջոցով դիմել ծրագրում ներառված ցանկացած բժշկական հաստատություն և ստանալ փաթեթով նախատեսված բժշկական ծառայությունները:
Ըստ Ալթունյանի՝ մասնակցության համար դիմել են 6 ապահովագրական ընկերություններ, որոնց միջև գումարները բաշխելու ժամանակ գործելու է բազմագործոն բանաձև, հաշվի է առնվելու տվյալ ընկերության դեմ բողոքների քանակը, նրանց աշխատանքը։
Մանրամասները՝ տեսանյութում