«Չեմ հիշում մեկ տարի, որ Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովում այդ հարցը դրված չլինի». Վարդան Արամյան
«2008 թվականից, երբ ես տեղափոխվեցի Ֆինանսների նախարարություն, չեմ հիշում մեկ տարի, որ Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովում այդ հարցը, որպես մեզ համար կարևորագույն հարց, դրված չլինի»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով ԱՄՆ առաջարկին՝ կնքել Հայաստան-Միացյալ Նահանգներ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։
Ըստ նրա՝ կրկնակի հարկման համաձայնագիրը որոշակի վստահություն է ներշնչում տնտեսվարողին, որպեսզի հետագայում, եթե ինչ-որ առումով տեղի ունենան որոշակի տարաձայնություններ, խաղի կանոններն ավելի հստակ լինեն. «Մենք մշտապես ամերիկյան մեր գործընկերների հետ այս հարցը քննարկում ենք»:
Նախարարի խոսքով՝ օրեր առաջ կրկնակի հարկման մասին համաձայնագիր է ստորագրվել Իսրայելի հետ, որը դարձավ 47-րդ պետությունը, որոնց հետ գործում են կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր. «Ներկա դրությամբ գործում է նաև նախկին Խորհրդային Միության ու Միացյալ Նահանգների միջև համաձայնագիրը։ Մեր կարծիքով՝ դա ժամանակավրեպ է, որովհետև այսօրվա դրությամբ՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից մշակվել են ուղղություններ ու ընդհանուր շրջանակներ՝ կրկնակի հարկումը բացառող կոնվենցիաների շրջանակում: Մենք վստահ ենք, որ գործողը չի համապատասխանում դրան և, գումարած դրան, Հայաստանը չի հանդիսանում Խորհրդային Միության իրավահաջորդ»։
Անդրադառնալով օրերս Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին՝ Վ.Արամյանը նշեց, որ դրա հետևանքով էական ցնցումներ չեն լինի ՌԴ տնտեսությունում. «Ռուսական տնտեսությունն արդեն սովորել է այդ պատժամիջոցներին»։
Մանրամասները՝ տեսանյութում