Լապշինը հանդիպել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանության ներկայացուցիչների հետ
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը արտահանձնման հարցով հանդիպել է Բաքվում Իսրայելի դեսպանության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է AzVision.az-ը:
«Իսրայելի ցանկացած քաղաքացի ունի իրավունք դիմելու արտահանձնման պահանջով: Սակայն մենք չենք կարող հայտնել դեսպանության ներկայացուցիչների հետ Լապշինի հանդիպման մանրամասները: Դա Լապշինի անձնական գործն է, հետևաբար այլ մանրամասներ չենք կարող հաղորդել»,- ասել են դեսպանությունից:
Հուլիսի 26-ին Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը հայտնել էր, որ բլոգերը դիմում է ներկայացրել Իսրայել արտահանձնվելու խնդրանքով: Փաստաբանը նշել է, որ բլոգերը հրաժարվել է բողոքարկել դատարանի որոշումը:
Չերնինը նշել է, որ այժմ գործելու հերթն իսրայելական կողմինն է: Եթե վերջինս դրական պատասխան տա, ապա Իսրայելի իշխանությունները պետք է պաշտոնապես դիմեն Ադրբեջանի արդարադատության նախարարություն: Ըստ ընթացակարգի՝ հաջորդ գործողությունը պետք է տեղի ունենա դատարանում. դատարանն է որոշելու՝ արտահանձնել բլոգերին, թե ոչ:
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը:
Լապշինի դեմ դատական գործ էր հարուցվել Ադրբեջանի ՔՕ 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: 281.2-րդ հոդվածով Լապշինի մեղադրանքն ապացուցող բավարար փաստեր չեն հայտնաբերվել: Բլոգերը մեղավոր է ճանաչվել միայն պետական սահմանի անօրինական հատման համար. Ադրբեջանում գործող կամայական օրենքով (ՔՕ 318-րդ հոդված) քրեական հետապնդում է սպառնում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Լեռնային Ղարաբաղ են այցելում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:
Հուլիսի 19-ին կայացած դատական նիստի ժամանակ Լապշինը, օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից, հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները: