Հրաչյա Հարությունյանի հարազատները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սպասում են նրա հետ հանդիպմանը
Այս պահին Հրաչյա Հարությունյանի հարազատները գտնվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: 168.am-ի հետ զրույցում Հ. Հարությունյանի կինը՝ Անահիտ Հարությունյանը, ասաց, որ իրենց խոսք են տվել, որ այսօր հնարավորություն կտան տեսնել Հ. Հարությունյանին: Այժմ նրանք սպասում են հանդիպմանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Հ. Հարությունյանը «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: 2014 թվականի օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանը դատավճիռ է կայացրել, համաձայն որի՝ Հ. Հարությունյանը դատապարտվել է 6 տարի և 9 ամիս ազատազրկման՝ երկու հոդվածներով՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում) և 327-րդ (Կեղծ փաստաթղթերի օգտագործում): Այս տարվա հուլիսի 20-ին Հ. Հարությունյանին տեղափոխեցին Հայաստան, սակայն նրա հարազատները դեռևս հնարավորություն չեն ունեցել հանդիպել նրան: