«Ադրբեջանը չարաշահեց երեխայի մարմինը». Արցախի ՄԻՊ

«Միակողմանի Հայաստանին ուղղված քննադատություններ ես ինքս չեմ տեսել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով այս տարվա հուլիսի 4-ին ղարաբաղաադրբեջանական սահմանում տեղի ունեցած դեպքերի հետևանքով ադրբեջանցի երեխայի մահվան դեպքի մասին՝ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա նկատեց, որ պրովոկացիաների արդյունքում՝ նման դեպքեր էլի կարող են լինել, բայց հայկական կողմը պետք է ճիշտ ներկայացնի՝ ի վերջո պատճառը որն է եղել. «Խնդիրն այն է, որ Ադրբեջանն ապրիլյան պատերազմից սկսած՝ ակնհայտորեն ընդգծված քաղաքականություն է վարում՝ ռազմական օբյեկտները տեղակայում է քաղաքացիական բնակավայրերում ու այնտեղից գնդակոծություններ է իրականացնում՝ հատկապես քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ, և այդ բնակավայրերի ուղղությամբ գնդակոծությունները շարունակվում են այնքան ժամանակ, քանի դեռ պատասխան կրակ չի բացվում: Այս դեպքում արդեն քաղաքացիական բնակչության կողմից զոհեր են լինում, Ադրբեջանը ներկայացնում է, թե իբր նախահարձակը եղել է հայկական կողմը: Այս դեպքում պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա, որովհետև իրենք են վտանգում իրենց բնակչությանը և չեն պաշտպանում: Ադրբեջանը դա օգտագործում է՝ էլ ավելի խորացնելու ատելությունն իրենց երկրում, և, բնականաբար, իրենք միջազգային կառույցներին էլ են այդպես ներկայացնում»:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ նկատեց, որ ամեն օր նման բան չի լինում, ու ցանկացած նորմալ մարդու համար դա ցավալի է. «Ես ինքս առանձին հայտարարությամբ հանդես չեկա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի իրավասու իշխանությունները շատ ադեկվատ, շատ փաստարկված, շատ հիմնավորված հայտարարություններով հանդես եկան և շատ արագ տեղադրեցին համապատասխան ապացույցները»:

Ռ. Մելիքյանը հիշեցրեց, որ Ադրբեջանն անընդհատ խուսափում է համաձայնել վերահսկողական և միջադեպերի քննության մեխանիզմի ներդրմանը. «Եթե լիներ միջադեպերի քննության մեխանիզմ, որին նրանք դեմ են, միանգամից պարզ կլիներ՝ ինչ է տեղի ունեցել: Այնուհանդերձ, նրանք չարաշահեցին երեխայի մարմինը: Նման բան ես ուղղակի չէի պատկերացնի, որ հնարավոր էր: Ոչ միայն հրապարակել երեխայի՝ դատաբժշկական փորձաքննության սենյակում գտնվելու նկարը, անգամ թաղման ժամանակ այդ նկարը տալ մորը: Ինձ թվում է՝ դա բանականության սահմաններից բավական հեռու էր»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս