Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության նախագահը ցավակցություն է հայտնել սիրված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:
«Ցավով տեղեկացա ճանաչված հաղորդավար, ասմունքող, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանի մահվան մասին:
Վերա Հակոբյանը, որպես հաղորդավար, նշանակալի ավանդ է ներդրել Հայաստանի ռադիոյի կայացման և զարգացման գործում` արժանիորեն մեծ ժողովրդականություն վայելով ունկնդիրների շրջանում: Որպես ասմունքող՝ նա տարիներ շարունակ հայ պոեզիայի գոհարները մատուցել է Հայաստանի և սփյուռքի բեմերից»,- ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում: