Տիգրան Խուդավերդյանը կգլխավորի ամերիկյան Uber-ի և ռուսական Яндекс.Такси-ի նոր համատեղ ընկերությունը

Яндекс.Такси-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը կգլխավորի ռուս-ամերիկյան նոր համատեղ ընկերությունը, որը նախատեսում է ընդլայնել գործունեությունը Ռուսաստանում, և որոշ ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Վերջերս հայտնի դարձավ, որ ամերիկյան Uber ընկերությունը և ռուսական Яндекс.Такси-ն նոր գործընկերություն են ձևավորել, որի շրջանակներում երկու ընկերությունները պատրաստվում են միավորել տաքսիների առցանց պատվերների ծառայությունները Ռուսաստանում և որոշ ԱՊՀ երկրներում՝Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Բելառուսում և Ղազախստանում:

Նշենք, որ Սան Ֆրանցիսկոյում հիմնված և տաքսի ծառայությունների ոլորտում հեղափոխություն իրականացրած Uber առցանց ծառայությունը մասնավոր անձանց հնարավորություն է տալիս տաքսի ծառայություն մատուցել առանձին անհատների, ինչպես նաև՝ մարդկանց խմբերի, մեքենայից համատեղ օգտվելու սկզբունքով:

Ամերիկյան Uber-ը պատրաստվում է ստղեծվող ընկերությունում ներդնել 225 միլիոն դոլար, իսկ Яндекс.Такси-ն՝ 100 միլիոն: Ըստ գործարքի վերաբերյալ տարածված մամլո հաղորդագրության՝ 4 միլիարդ դոլար գնահատվող նոր ընկերության բաժնետոմսերի 59,3 տոկոսը պատկանելու է ռուսական Яндекс-ին, 36,6 տոկոսը՝ Uber-ին, իսկ 4,1 տոկոսը՝ աշխատակիցներին:

Яндекс.Такси-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի խոսքով, ծառայությունների միավորումից հետո երկու ընկերությունների բջջային հավելվածները զուգահեռաբար շարունակելու են հասանելի մնալ օգտատերերի համար: Հաղորդվում է նաև, որ վարորդները կանցնեն միասնական տեխնոլոգիական հարթակի, որը թույլ կտա մեծացնել պատվերների իրականացման համար հասանելի մեքենաների թիվը, կրճատել պատվերի ընդունման ժամանակը և բարձրացնել ծառայության հասանելիությունը:

Uber ընկերությունը հաղորդում է, որ տաքսի ծառայությունների սակագինը առաջիկայում չի բարձրանալու: Նշենք նաև, որ համատեղ ընկերությունը նախատեսում է ամսական մոտ 35 մլն պատվեր իրականացնել:

Яндекс և Uber ընկերությունների տնօրենների խորհուրդները արդեն հավանության են արժանացրել նոր գործընկերությունը: Կարգավորող մարմինների համաձայնությունը ստանալուց հետո, գործարքը նախատեսվում է ավարտին հասցվել այս տարվա չորրորդ եռամսյակում:

Տեսանյութեր

Լրահոս