Բաժիններ՝

Իրանցի հանդիսատեսը մեկ շաբաթ հնարավորություն կունենա դիտել հայկական ֆիլմեր

Թեհրանի հայկական «Ալիք» օրաթերթը անդրադարձել է հուլիսի 23-ին մեկնարկած Իրանում Հայաստանյան ֆիլմերի շաբաթին՝ խոսելով ֆիլմերի ռեժիսորների, ներկա հյուրերի հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է օրաթերթի հոդվածն ամբողջությամբ:

«ԵԹԷ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆՔ ՄԻՄԵԱՆՑ ՄՇԱԿՈՅԹԸ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԻՄՔԵՐՆ ԱՒԵԼԻ ԱՄՈՒՐ ԵՆ

Յուլիսի 23-ին Թեհրանի «Խանէյէ Հոնարմանդան»-ի «Նասերի» դահլիճում մեկնարկեց Իրանում Հայաստանեան ֆիլմերի շաբաթը, որը իր տեսակի մէջ աննախադէպ երեւոյթ է:

Մէկ շաբաթւայ ընթացքում հանդիսատեսը ոչ միայն հնարաւորութիւն ունի Թեհրանում դիտել հայկական ֆիլմեր, այլ Մաշհադ եւ Շիրազ քաղաքները եւս հիւրընկալելու են հայկական ֆիլմերին եւ ինչու չէ Հայաստանից ժամանած երկու հայ ռեժիսորներին:

Բացման հանդիսութիւնը մեկնարկեց երկու երկրների պետական հիմներգերով, որից յետոյ օրւայ հաղորդավարը անդրադարձաւ Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան եւ իրանական «Art and experience»-ի նախաձեռնութեամբ կազմակերպւած մէկ շաբաթեայ կինոփառատօնին եւ ընդգծեց, որ իւրաքանչիւր օր երեք քաղաքներում ցուցադրւելու են հայկական ֆիլմեր եւ կայանալու են «work shop»-եր: Ապա ցուցադրւեց տեսահոլովակ, որը ներկայացրեց մէկ շաբաթւայ ընթացքում ցուցադրւելիք ֆիլմերի ցանկը:

Հրաւիրւեց արտայայտւելու Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը: Դեսպանը ընդգծեց, որ միջոցառման կազմակերպմանը աջակցել են ՀՀ Մշակոյթի նախարարութիւնը եւ բազմաթիւ մասնագէտներ ու կենտրոններ երկու երկրներից: «Հայ եւ իրանցի երկու ժողովուրդները ունեն դարաւոր պատմութիւն, որին խարսխւած է երկու երկրների միջպետական յարաբերութիւնները, բայց դա չի նշանակում, որ բոլոր ոլորտներում ունենք բաւարար աշխատանք եւ անելիքներ չկան: Հէնց մշակոյթի բնագաւառում մեր այսօրւայ սերունդները փոխճանաչողութեան իմաստով դեռեւս ճանապարհ ունեն անցնելու, ուստի մշակոյթի եւ կինոարւեստի ոլորտում փոխադարձ արւեստները ներկայացնելու խնդիրներ ունենք»,- նշեց դեսպանը:

«Ես հաւատացած եմ, որ միմեանցից հեռու լինելը, միմեանց արւեստին եւ մշակոյթին ոչ բաւարար հաղորդակցութիւնը երբեմն ծնում է օտարութիւն եւ հակասութիւններ, իսկ եթէ ճանաչում ենք միմեանց մշակոյթները եւ հաղորդակցւում ենք, այդ դէպքում բարեկամութեան եւ համագործակցութեան հիմքերը աւելի ամուր են»,- հաւաստեց դեսպան Արտաշէս Թումանեանը:

Միջոցառմանը «Art and experience»-ի միջազգային հարցերով խորհրդական եւ վարչութեան անդամ Ջաֆար Սանէի Մողադդամը հակիրճ բացատրութիւն տալով «Art and experience» խմբի ձեւաւորման մասին ընդգծեց, որ երեք տարի առաջ հիմքն է դրւել այս խմբի, որը ցուցադրում էր փաստագրական կարճամետրաժ ֆիլմեր, սակայն մէկ տարի է, ինչ միջազգային բնագաւառում եւս աշխատանք է ծաւալում եւ ունի համապատասխան պարբերաթերթ: Կազմակերպութիւնը աստիճանաբար սկսեց Իրանում տարբեր երկրների դեսպանատների հետ համագործակցաբար Իրանում Ֆիլմերի շաբաթ ձեռնարկել եւ սա առաջինն է իր տեսակի մէջ, որը նախաձեռնւել է Իրանում ՀՀ դեսպանութեան հետ: Նա ընդգծեց, որ միջոցառման նպատակն է իրանցի եւ այլ երկրների կինոգործիչների միջեւ մտքերի փոխանակումը: Նա կարեւորեց նաեւ իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի դերը Իրան -Հայաստան համատեղ ֆիլմի նկարահանման գործում եւ աւելացրեց, որ գալիք 7 օրերի ընթացքում իր մասնակցութիւնն է ունենալու իրանահայ կինոքննադատ Ռոբերտ Սաֆարեանը:

Հանդիսութեան աւարտին ցուցադրւեց ռեժիսոր Արամ Շահբազեանի «Իմ սէրը Մոսկովիչ» ֆիլմը, որից յետոյ կայացաւ «work shop»-մասնակցութեամբ՝ Անահիտ Աբադի, Արէն Վաթեանի, Արամ Շահբազեանի եւ Ռոբերտ Սաֆարեանի:

Ընթացքում զրուցեցինք Հայաստանի կինոռեժիսորներ Արամ Շահբազեանի եւ Արէն Վաթեանի հետ, ովքեր միջոցառման մասին հետեւեալը ընդգծեցին: Արամ Շահբազեանը նշեց, որ «Իրանական կինոարտադրութիւնը շատ զարգացած է եւ ունի նւաճումներ: Շատ ուրախացայ, երբ այս հարցում ականատեսը եղայ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի ակտիւութեան: Ըստ իս՝ նման միջոցառումները, եթէ դառնան յաճախակի, աւելի մերձեցում կը ստեղծեն»:

Ռեժիսոր Արէն Վաթեանը հետեւեալը նշեց., «Միանշանակ այս կարգի հանդիպումները եւ միջոցառումները անհրաժեշտ են: Ծանօթութեան եւ հետագայ աշխատանքի եւ կամ աւելի լուրջ մակարդակով կարելի է հետաքրքիր արտադրութիւններ ստանալ եւ նոր շնչով համատեղ արտադրութիւնների հասնել: Իրանական կինօն բաւականին լուրջ մակարդակի վրայ է եւ շատ լաւ ֆիլմեր են ստեղծւում ու մեզ մօտ մի այնպիսի փուլ է, որին եթէ ընթացք տրւի, կարող է շատ նպաստել հայկական կինոյի զարգացմանը»:

Սոյն ձեռնարկին ներկայ էին նաեւ Իրանում Ռուսաստանի Դաշնութեան դեսպան Լեւոն Ճաղարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի անդամներ, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ՝ Իսիկ Իւնանէսեանը եւ արւեստագէտներ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս