Այս տարի բուհերում թափուր է 11 հազար 375 տեղ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում. «Հայաստանի պետական բուհերի դիմորդների թիվը գնալով նվազում է: Եթե այս տարի բուհ է ընդունվել 8 հազար 266 դիմորդ, և դեռևս թափուր է 11 հազար 375 տեղ, ապա նախորդ տարի բուհ ընդունվածների թիվը 17 հազար 649 էր:
Այս իրավիճակը, թերևս, պատահական չէ, այլ Հայաստանում օր օրի ահագնացող արտագաղթի դառը հետևանքն է, երբ կրթական համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում է: «Ժողովուրդ»-ը նաև տեղեկացավ, որ այս ամենից բացի՝ մի շարք մասնագիտություններ Հայաստանում «մեռնում են» դիմորդներ չունենալու պատճառով: Օրինակ՝ ԵՊՀ-ում 58 մասնագիտություններից 38-ում մնացել է 902 թափուր տեղ, մինչդեռ մայր բուհում նախորդ տարի 523 թափուր տեղ էր:
ԵՊՀ քիմիա մասնագիտությամբ դիմորդների քանակը տարեցտարի նվազել է, և այս տարի այնտեղ ընդունվելու համար դիմել է երկու հոգի, ֆիզիկա մասնագիտությամբ՝ երեք հոգի: Մեկ ուշագրավ փաստ էլ. չնայած դիմորդների թվի շեշտակի նվազմանը, տարեցտարի ավելացել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը. 2016-2017 թվականներին այն կազմել է 11 հազար 276, իսկ 2015-2016-ին՝ 11 հազար 197»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։