ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Աֆղանստանում և Պակիստանում ահաբեկչությունները, ինչպես նաև ԿԱՀ-ում խաղաղապահների վրա հարձակումը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) հուլիսի 24-ին ընդունել է մամուլի համար երեք հայտարարություններ, որոնցում դատապարտել է խաղաղապահների վրա հարձակումը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ), ինչպես նաեւ ահաբեկչական գործողություններն Աֆղանստանում եւ Պակիստանում, որոնք տասնյակ մարդկանց կյանք են խլել։
Քաբուլում եւ Պակիստանի Լահոր քաղաքում իրականացված ահաբեկչական գործողություններին նվիրված հայտարարություններում ընգծված է, որ «ահաբեկչությունն իր բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով ներկայացնում է ամենալուրջ սպառնալիքներից մեկը միջազգային խաղաղության եւ անվտանգության համար», ինչպես նաեւ հանցագործություն է «անկախ դրդապատճառներից»: Հուլիսի 24-ին ավելի վաղ պայթանյութով լի ավտոմոբիլ է պայթեցվել Աֆղանստանի մայրաքաղաքի արեւմտյան մասում:
Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, վկայակոչելով Աֆղանստանի կառավարության ներկայացուցչին, ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է առնվազն 35 մարդ:
Պակիստանի Լահոր քաղաքում (Փենջաբի նահանգի մայրաքաղաք) գրոհի զոհերի թիվն, ըստ վերջին հաղորդումների՝ կազմել Է 25: Մահապարտ-ահաբեկիչը մոտոցիկլետով պայթել է քաղաքի ամենապահպանվող շրջաններից մեկում՝ Քոթ Լաքփաթ բանջարեղենի շուկայի մուտքի առջեւ՝ Փենջաբի գլխավոր նախարար Շահբազ Շարիֆի նստավայրից ընդամենը 100 մետր հեռավորության վրա: Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում
խաղաղապահների վրա հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 23-ին Բանգասու քաղաքի շրջանում: Քրիստոնեական արմատականների հարձակման հետեւանքով, որոնք գրոհել են ՄԱԿ-ի ավտոշարսյան վրա, զլոհվել է մեկ զինծառայող Մարոկոյից:
Հուլիսի 24-ին մամուլի համար ընդունված հայտարարության մեջ Անվտանգության խորհրդի անդամները հիշեցրել են, որ «խաղաղապահների վրա հարձակումները կարող են համարվել ռազմական հանցագործություններ», ինչպես նաեւ աֆրիկյան երկրի իշխանություններին կոչ են արել օպերատիվորեն հետաքննելու միջադեպը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: