Պուտին-Ալիև հանդիպմանը կհաջորդի՞ Պուտին-Սարգսյան հանդիպումը. Կրեմլը հստակեցնում է խաղի կանոնները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Սոչիում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների աշխատանքային հանդիպումը: Հանդիպման մասին նախօրոք չէր հայտարարվել: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հանդիպման մասին տեղեկացրել է, այսպես ասած, վերջին պահին:

Նման «աշխատանքային» հանդիպումների կարիք սովորաբար առաջանում է այն ժամանակ, երբ կա կամ կան լուծման կարոտ կոնկրետ հարցեր, կամ երբ անհրաժեշտ է տեղեկատվություն փոխանակել, կոնկրետ գնահատականներ հնչեցնել: Մի խոսքով, դրանց օրակարգը միշտ կոնկրետ է:

Իսկ ի՞նչ օրակարգ ուներ Պուտին-Ալի7 հանդիպումը: Հանդիպումից հետո պաշտոնական հայտարարություն չի եղել: Ենթադրություններ կարելի է անել՝ դատելով նախագահների՝ միմյանց հղած ողջյունի խոսքերից: Ըստ այդմ, քննարկվել են երկկողմ նշանակության խնդիրներ եւ տարածաշրջանին վերաբերող հարցեր: Ընդ որում, «տարածաշրջանի իրադրությունը բարդ է, և բայց հուսով եմ, որ մեր հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների լուծման ուղիների որոնմանը»,- նշել էր ՌԴ նախագահը:

Պուտինի նշած «բարդ իրադրությունը» վերաբերում է, թերեւս, – ԼՂ հակամարտությանը, եւ տարածաշրջանային անվտանգությանն ընդհանրապես: Սկսենք վերջինից: Այսօր առկա է լուրջ վտանգ, որ Մերձավոր արեւելքում իր թափն ու ուժը կորցնող ԻՊ-ը կարող է «տեղափոխվել» Կովկաս: Այս առումով առաջին թիրախային գոտիներից մեկը կարող է դառնալ հենց Ադրբեջանը: Պատահական չէ, որ վերջերս Ադրբեջանում տեղի են ունենում ԻՊ-ի հետ կապ ունեցող, տարբեր երկրների քաղաքացիներ հանդիսացող անձանց պարբերական ձերբակալություններ:

Բացի այն, որ նրանց համար այդ երկիրը կարող է դառնալ տրանզիտային հնարավոր գոտի, նրանք կարող են ապակայունացնող գործոն դառնալ բուն Ալիեւի վարչակազմի համար՝ անվտանգության ու ապակայունացման լրջագույն սպառնալիք դառնալով թե տարածաշրջանի, թե ներադրբեջանական իրականության համար: Այս առումով Ռուսաստանին, անշուշտ, մտահոգում է ավանդաբար իր վերահսկողության գոտի համարվող ռեգիոնի կայունությունը, որը նաեւ իր սահմանների կայունությունն է:

Իսկ Ալիևի՝ ԼՂ հարցում վերջին շրջանում վարած քաղաքականությունն ամենեւին էլ այդ կայունությունը պահպանելուն ուղղված չէ: Ուստի հնարավոր է, որ ՌԴ նախագահն Ալիեւին հասկացնել է տվել իրավիճակի ողջ լրջությունը: Բացի այդ, վերջին շրջանում ռուսական մամուլը գրել էր, որ Մոսկվան պատրաստվում է կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: Հայկական կողմը համաձայնել էր՝ դրա հետ առանձնապես մեծ հույսեր չկապելով հանդերձ: Բաքուն նույնպես համաձայնել էր, սակայն նշելով, որ պետք է բանակցությունների հստակ օրակարգ: Այս պահին, սակայն, թե Ռուսաստանի, թե ընդհանրապես Արեւմուտքի համար անհրաժեշտ է պահպանել գոնե «բանակցություններ հանուն բանակցությունների» ֆորմատը՝ շփման գծում լարվածությունը մեղմելու և ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման վտանգը չեզոքացնելու նպատակով:

Մյուս կողմից, վերջին շրջանում ռուս-ադրբեջանական հարաբերություններում որոշակի լարվածություն կա: Հուլիսի 4-ի դեպքերից հետո Բաքվի ակնկալած՝ ռուսական կողմի արձագանքի բացակայությունը, ՌԴ քաղաքացիների նկատմամբ էթնիկ պատկանելության հողի վրա խտրական վերաբերմունքի դրսեւորման դատապարտումը, Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի լուծարումը, ՌԴ և ՀՀ սահմանապահ ջոկատների համատեղ վարժանքները ԼՂ-ի տարածքում, նաև Իրանում ՌԴ դեսպանի հայտարարությունը «Հյուսիս-Հարավի» վերաբերյալ իսկական իրարանցում էին առաջացրել Բաքվում:

Այդ ամենը Ադրբեջանում դիտվում էր՝ որպես ռուսական հարված իրենց վարած արտաքին անկախ քաղաքականությանը, ինչը նրանց ավելի ու ավելի էր ստիպում շատ խոսել հատկապես ԱՄՆ-ի հետ իրենց հարաբերությունների որակապես նոր փուլի մեկնարկի հնարավորության մասին: Մյուս կողմից էլ, դա մատուցվում էր որպես ռուսահայության նենգ մարտավարություն-ծրագիր՝ ուղղված ռուս-ադրբեջանական «դարավոր» բարեկամությանը: Մի խոսքով, ռուս-ադրբեջանական հարաբերություններում արշալույսներն այնքան էլ խաղաղ չէին:

Ու հիմա, երբ կայացավ Պուտին-Ալիև հանդիպումը, ադրբեջանական մամուլն էյֆորիայի մեջ է: «Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները պատշաճ դաս են տվել ռուս-ադրբեջանական բարեկամության չարակամներին» եւ այլ բաներ՝ նման ոգով: Ի դեպ, բացի, «հայկական չար ուժերին» պատժելուց, ըստ ադրբեջանական աղբյուրների, այդ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը եղել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի ճակատագիրը:

Ըստ ամենայնի, Իրանում ՌԴ դեսպան Լևան Ճաղարյանի հայտարարություններից առաջացած շոկն Ադրբեջանում դեռ չի անցել, ու բացի «Ադրբեջանական երկաթուղիների» ղեկավար Ջավիդ Ղուրբանովին Մոսկվա գործուղելուց, հիմա էլ այդ հարցը բարձրացրել է անձամբ Ալիևը:

Ինչ էլ լինի, Պուտին-Ալիև հանդիպումն արդեն ավարտված է: Հիմա հարց է առաջանում՝ արդյոք հավասարակշռության սկզբունքը պահելով՝ ռուսական կողմը նման մի հանդիպում էլ կնախաձեռնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Եթե նման հանդիպում կայացավ, կնշանակի, որ, իրոք, քննարկման առանցքային թեմաներից մեկը եղել է ԼՂ հակամարտությունը, և նախագահների հանդիպումից առաջ Մոսկվան հստակեցնում է խաղի կանոնները: Մյուս կողմից, սակայն, «а куда денется Армения?»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս