Ինչպե՞ս է փոխվելու Հիպոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը
2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, ուժը կորցրած է ճանաչվելու «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը և համապատասխանաբար եկամտային հարկի վերադարձի գործընթացը կարգավորող գործող կարգը:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության առաջիկա նիստում կներկայացնի «Հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է սահմանել ՀՀ հարկային օրենսգիրքը ուժի մեջ մտնելուց հետո հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգը:
Ըստ այդմ՝ եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով վարկառուն հարկային մարմին է ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթերը, ապա հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է տվյալ հաշվետու եռամսյակի համար փոխհատուցվող գումարի վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված ձևի եզրակացություն և ուղարկվում վերադաս հարկային մարմին: Որոշակի գործընթացից հետո փոխհատուցվող գումարը փոխանցվում է վարկառուի բանկային հաշվին:
Եկամտային հարկի գումարների փոխհատուցման դրույթն ուժի մեջ է մտնելու 2019 թվականի հուլիսի 1-ից:
Հիշեցնենք, որ այս կարգը տարածվում է Հայաստանի տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից 2018 թվականի հունվարի 1-ից հետո բնակարան ձեռք բերող կամ Հայաստանի տարածքում անհատական բնակելի տուն կառուցող վարձու աշխատողների վրա։