Սպիտակ տունը տեղեկատվության բաժնի նոր թիմ ունի
Սպիտակ տունը որոշել է բարելավել լրագրողների հետ վերջին ամիսներին վատթարացող հարաբերությունները: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Մասնավորապես, լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել լրատվամիջոցների հետ կապի համար պատասխանատու անձանց շրջանում: Սպիտակ տան տեղեկատվության բաժնի ղեկավար է նշանակվել 53-ամյա ձեռնարկատեր, գործարար, նյու յորքցի Էնթոնի Սքարամուչին, իսկ Սպիտակ տան նոր խոսնակ է դարձել նախկին փոխխոսնակ Սարա Սանդերսը: Խոսնակի խոսքով, փոփոխություններն առաջին հերթին կոչված են օգնել նախագահ Թրամփի ուղերձը հասցնել քաղաքացիներին.
«Մենք շատ լուրջ ձեռքբերումներ ունենք, սակայն դրանց համար շատ փոքր գնահատականի ենք արժանացել»:
Էնթոնի Սքարամուչին իր կողմից նշել է, որ փորձելու է օգնել լրագրողներին տեսնել իրական Դոնալդ Թրամփին, ինչպիսին նրան գիտեն մտերիմները.
«Նախագահը շատ լավ կարմա ունի, աշխարհն իր կողմ է շրջվում: Նա իրականում հրաշալի անձնավորություն է»:
Հիշեցնենք, որ Սպիտակ տան տեղեկատվության բաժնի նախկին ղեկավար Մայք Դուբկեն ազատվել էր աշխատանքից, քանի որ չէր կարողացել Սպիտակ տան տեսակետը հասցնել լրատվամիջոցներին Հետաքննությունների դաշնային ծառայության ղեկավար Ջեյմս Քոմիին աշխատանքից ազատելու Դոնալդ Թրամփի որոշումից հետո: Արդյունքում, մի քանի ժամ շարունակ Թրամփի որոշումը եթերում քննադատում էին Քոմիի կողմնակիցները, մինչդեռ Սպիտակ տունը լռում էր: Ինչ վերաբերում է Սպիտակ տան նախկին խոսնակ Շոն Սփայսերին, ապա նա հրաժարական է տվել:
Լրագրողների կարծիքով, բարդ է աշխատել Սպիտակ տան տեղեկատվության բաժնում այն պայմաններում, երբ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի միջոցով իր սեփական մամլո խոսնակի բառերին հակասող հայտարարություններ է անում: Էնթոնի Սքարամուչին սակայն մարտահրավերներին պատրաստ է եւ լիովին վստահում է Դոնալդ Թրամփին.
«Կարծում եմ նա ունի աշխարհում եւ մի գուցե նաեւ պատմության մեջ լավագույն քաղաքական բնազդը: Հիշեք, որ նա իր քաղաքական կարիերան սկսել է ընդամենը 2 տարի եւ 2 ամիս առաջ եւ այդ ժամկետում անհավատալի աշխատանք է կատարել ամերիկյան ժողովրդի համար: Մարդիկ, որոնց հետ ես մեծացել եմ, իրենց նույնացնում են նախագահի հետ եւ սիրում են նրան: Հենց այդ ուղերձն ենք մենք տարածելու»: