ՊՍԺ-ն կարող է գնել Նեյմարին՝ միայն տրանսֆերային ֆեյր-փլեյը խախտելու դեպքում
Վերջին օրվա ընթացքում ֆուտբոլային աշխարհը քննարկում է կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի հավանական տեղափոխությունը ՊՍԺ: Ըստ կատալոնական մամուլի՝ գործարքն արդեն 95 տոկոսով կատարված է:
Սակայն, Նեյմարին գնելու համար ՊՍԺ-ն պետք է վճարի հավելյալ 222 միլիոն եվրո՝ Նեյմարի հրաժարագինը, ինչպես նաև՝ 40 միլիոն Նեյմարի հորը՝ որպես բոնուս:
Իսպանական մամուլը նշում է, որ գործարքն ավարտելու համար պետք է միայն Նեյմարի համաձայնությունը:
Կատալոնական ակումբի նախագահ Խոսե Մարիա Բարտումեուն նշում է, որ Նեյմարը դեռ 4 տարվա գործող պայմանագիր ունի, այսինքն՝ Նեյմարին գնելու համար ՊՍԺ-ն պետք է վճարի նրա հրաժարագինը: Սակայն, ըստ Բարտումեուի՝ խոսքն այնպիսի գումարների մասին է, որը հնարավոր չէ վճարել՝ առանց ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու:
Այսպիսով, ըստ կատալոնական ակումբի նախագահի՝ Նեյմարի տրանսֆերն անիրականանալի է: Բացի այդ, Բարտումեուն նշել է, որ ՊՍԺ-ի պլանները խառնելու համար իրենք կարող են մի քանի կետեր ակտիվացնել Նեյմարի գործող պայմանագրում: Ըստ կատալոնացիների նախագահի՝ Նեյմարը չի վաճառվում:
Այժմ կատալոնական ակումբը Միացյալ Նահագներում է, որտեղ մարզական հավաք է անցկացնում: Լրագրողները փորձել են հետաքրքրվել Նեյմարից, թե ինչպե՞ս է նա զգում իրեն մարզումներում: Նեյմարը նշել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Իսպանացի լրագրողները նկատել են, որ Նեյմարը շատ հանգիստ է իրեն պահում և ակտիվորեն մարզվում է՝ ունենալով լավ տրամադրություն:
Սիրարփի Աղաբաբյան