Ես շատ լավ հասկանում եմ, որ բարդ խնդիր է, հասկանում եմ, որ Հայաստանում այդ բարենպաստ պայմանները դեռևս չկան. Սերժ Սարգսյան

Հանրապետության նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2017-2018 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ:

Հիմնադրամի կրթաթոշակառուները Հանրապետության նախագահին ներկայացրել են «Լույս»-ի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում իրենց իրականացրած և դեռևս ընթացքում գտնվող նախագծերը՝ աշխարհի լավագույն բուհերում ստացած գիտելիքները և փորձառությունն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ առաջին ձեռնարկումներն ու հաջողությունները:

Նախագահը բարձրագույն ուսումնական հաստատություններ նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը. 2017-2018թթ. կրթաթոշակի արժանացել է աշխարհի լավագույն 8 համալսարաններն ընդունված 60 ուսանող: Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին, մաղթել բարի երթ և հաջողություններ ուսումնառության մեջ: Նախագահը պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց ծրագրերը և գաղափարները:

«Ես մշտապես հանդիպում եմ երիտասարդների հետ, մշտապես յուրաքանչյուր առիթ, հնարավորություն օգտագործում եմ շփվելու համար, որովհետև համոզված եմ, որ դա մեր երկրի, հասարակության զարկերակի վրա ձեռքը պահելու լավագույն միջոցներից մեկն է, որովհետև երիտասարդների աչքը սուր է, նրանք հեռուն են տեսնում և նրանք շատ լավ կարողանում են կողմնորոշվել այս արագ փոփոխվող աշխարհում:

Անշուշտ, ինչ որ ասում եմ, վերացական զգացողության մասին չեմ խոսում և կարծում եմ, որ մեր քաղաքականությանը հետևող յուրաքանչյուր մարդու համար ակնհայտ է, որ տարիներ շարունակ մեր գլխավոր շեշտադրումներից մեկը եղել է կրթության և գիտության զարգացումը: «Լույս» հիմնադրամը, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, այժմ ավելի ճիշտ է ասել՝ այդ կենտրոնների ցանցը, որովհետև «ԹՈՒՄՈ» կենտրոնն այսօր գործում է ոչ միայն Երևանում, այլ նաև Գյումրիում, Դիլիջանում, Ստեփանակերտում, սկսել է աշխատանքները Նոյեմբերյանում: Կարծում եմ՝ տեսանելի ապագայում այդպիսի աշխատանքներ մենք կսկսենք Վանաձորում և հանրապետության այլ քաղաքներում: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տրվող տարբեր մակարդակի խրախուսական մրցանակները, «Արմաթ» անունը ստացած ինժեներական լաբորատորիաների ցանցը, որ արդեն գործում է հանրապետության 200-ից ավելի, իսկ ավելի ստույգ՝ 208 դպրոցներում, այդ խմբակներում 4500-ից ավելի դպրոցականներ սովորում եմ ծրագրավորում, ծանոթանում են ինժեներական տարրական գիտելիքների և ստեղծում են պարզ ռոբոտներ:

Այս ամենը խոսուն վկայությունն է այդ քաղաքականության, որը, անշուշտ, երկարաժամկետ քաղաքականություն է, և որի իրական արդյունքները մենք տեսնելու ենք ապագայում: Այդ արդյունքները շատ դրականորեն են ազդելու մեր երկրի տնտեսության զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության վրա: Այնուհանդերձ, թեև այս ծրագրերը հեռահար նպատակներ ունեն, այսօր մենք կարող ենք խոսել արդեն որոշակի արդյունքների մասին: Եվ ուզում եմ տարբեր ոլորտներից ուղղակի մեկական օրինակ բերել, սկսել հենց «Լույս» հիմնադրամից և ասել, որ երբ մենք 2007 թվականին սկսում էինք այս ծրագիրը, որոշեցինք ֆինանսական օժանդակություն, աջակցություն ցուցաբերել աշխարհի 20 լավագույն բուհերում սովորող հայ երիտասարդներին, որովհետև այդ բուհերում այն ժամանակ սովորում էին մի քանի հայ երիտասարդներ՝ հաշված թվով երիտասարդներ: Բայց արդեն որոշ ժամանակ անց մենք որոշեցինք այդպիսի օժանդակություն ցուցաբերել աշխարհի լավագույն 10 բուհերում սովորողներին, որովհետև նրանց թիվը կտրուկ աճեց: Եվ այսօր մենք տիկին Ժակլինի հետ կհանձնենք հավաստագրեր արդեն աշխարհի լավագույն 8 համալսարաններում սովորող 60 ուսանողների: Սա առաջընթաց է, որ մենք անպայման պետք է տեսնենք:

Հաջորդը՝ արդեն տևական ժամանակ է, որ համաշխարհային առարկայական օլիմպիադաներում հայ դպրոցականները շահում են շուրջ 20 մրցանակ: Որպեսզի կարողանանք ճիշտ պատկերացնել, թե սա ինչ թիվ է, ուղղակի պետք է համեմատության մեջ դիտարկենք և ասենք, որ օրինակ՝ Ադրբեջանն ու Վրաստանը, միասին վերցրած, շահում են 10-ից 12 մրցանակ, իսկ շուրջ 20 մրցանակ շահում է, օրինակ՝ Թուրքիան` 80 միլիոնանոց Թուրքիան: Եվ կարծում եմ, որ դա ուղղակի մեր երեխաների, մեր դպրոցականների փայլուն ձեռքբերումներից մեկն է:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ անցած մրցաշրջանում արդեն Երևանի պետական համալսարանի ուսանողական թիմը մրցանակ ստացավ համաշխարհային ուսանողական մրցությունում: Սա, իրոք, հուսադրող է և խոսում է այն մասին, որ կամաց-կամաց մեր բարձրագույն ուսումնական հաստատություններն էլ համալրվում են այն դպրոցականներով, որոնք արդեն գիտակցում են գիտելիքի և ուսման կարևորությունը: Բառացիորեն մի քանի օր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ռոբոտաշինության օլիմպիադայում մեր «ԹՈՒՄՈ» կենտրոնի երիտասարդների թիմը արժանացավ բրոնզե մեդալի: Սա, իրոք, ձեռքբերում է, և ուզում եմ նաև ձեր ներկայությամբ իմ խորին շնորհակալությունը հայտնել այդ երեխաներին, այդ երիտասարդներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին, որովհետև այսպիսի ձեռքբերումները որակապես փոխում են Հայաստանը, որովհետև այսպիսի ձեռքբերումները եթե լինեն շարունակական, շատ լավ հնարավորություն են ստեղծելու աշխարհի բոլոր երկրների համար՝ համագործակցելու Հայաստանի հետ:

Սա շատ կարևոր հանգամանք է, որը մենք մշտապես պետք է խրախուսենք, պետք է ընդգծենք: Իրոք, այսպիսի հաղթանակները ստեղծում են մի այնպիսի Հայաստան, որի հետ համագործակցելը շատ երկրների համար կլինի մի կողմից պատվաբեր և մյուս կողմից՝ սովորական երևույթ, որովհետև մենք գնում ենք դեպի զարգացած երկրների շարք: Եվ ամեն մի հաջողված բարեփոխում, ամեն ստարտ-ափի հաջողություն մեզ մոտեցնում է մեր նպատակին՝ լինել առաջադեմ և անվտանգ երկիր: Հուսով եմ, սիրելի՛ երիտասարդներ, որ այստեղ ներկա «Լույս» հիմնադրամի հին և նոր շահառուները շատ լավ պատկերացնում են այն դերակատարությունը, որ իրենք պետք է ունենան Հայաստանի զարգացման գործում: Անցած տարիների ընթացքում մենք որևէ նախապայման կամ սահմանափակում չենք դրել «Լույս» հիմնադրամի շահառուների առաջ: Կարծում եմ՝ այսօր եկել է ժամանակը, որպեսզի մենք «Լույս» հիմնադրամի աշխատանքների և ծրագրերի ռազմավարական վերանայում իրականացնենք, որովհետև մեր երկիրը շատ մեծ կարիք ունի որոշակի մասնագետների: Օրինակ՝ այսօր մեր երկրում կարիք կա 10.000-ից ավելի ծրագրավորողների և ճարտարագետների: Չունենք այդ ռեսուրսը և մենք պարտավոր ենք «Լույս» հիմնադրամի օժանդակությունը ուղղել հանրապետությունում անհրաժեշտ մասնագետների պատրաստման գործին: Իհարկե, ես չեմ ուզում այստեղ այժմ քննարկենք այդ փոփոխությունները: Վստահ եմ, որ հիմնադրամի աշխատակազմը իմ օգնականների հետ միասին այդպիսի վերանայում կիրականացնի, և դա կլինի ևս մեկ ապացույց, որ «Լույս» հիմնադրամը շարունակելու է իր գործունեությունը, որ «Լույս» հիմնադրամը ընդլայնելու է իր գործունեությունը:

Ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը սեփական հաջողությունները պայմանավորի նաև մեր երկրի հաջողություններով: Ես շատ եմ ցանկանում, որ բոլոր այն երիտասարդները, ովքեր ունեն գիտելիքի պաշար, փորձեն իրենց անձնական հաջողությունները ունենալ Հայաստանում: Ես շատ լավ հասկանում եմ, որ բարդ խնդիր է, հասկանում եմ, որ Հայաստանում այդ բարենպաստ պայմանները դեռևս չկան, բայց մյուս կողմից՝ ուզում եմ, որ դուք շատ լավ հասկանաք՝ երբ մեր երկրում այդպիսի պայմաններ կլինեն, Հայաստանն արդեն օժանդակողների կարիք չի ունենա, իսկ մեզնից յուրաքանչյուրի պարտականությունն է՝ իր նպաստը բերել այդպիսի երկիր ունենալու գործին: Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց գիտելիքների շնորհիվ արժանացել են խրախուսանքի, արժանացել են օժանդակության: Ձեզ բարի երթ եմ մաղթում, և ինչպես միշտ՝ այսպիսի հանդիպումների ընթացքում ինձ համար ամենահաճելին ոչ թե ձեզ պատգամ հղելն է, այլ ձեր հարցերին պատասխանելը, որովհետև այսպիսի հանդիպումների ամենակարևոր մասը դա է: Դա հնարավորություն է տալիս տեսնելու, թե ի՞նչ խնդիրներ կան, և ո՞ր ուղղությամբ է զարգանում երիտասարդների միտքը: Ես շատ ուրախ եմ, որ հայ երիտասարդները կարողանում են ճիշտ կողմնորոշվել արագ փոփոխվող աշխարհում:

Շնորհակալ եմ և պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին, լսելու ձեր ծրագրերի մասին»,- «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ հանդիպմանն ասել է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս