
«Մինսկի խումբը զբաղվում է մենեջմենթով, ոչ թե՝ հակամարտության կարգավորմամբ». Ալեքսանդր Իսկանդարյան

«Մինսկի խումբը վաղուց չի զբաղվում հակամարտության կարգավորման փորձերով, այլ զբաղվում է մենեջմենթի փորձերով։ Բոլոր հանդիպումներն այդ մենեջմենթի փորձերն են, ինչ էլ որ չասեն համանախագահները։ Նրանք պարզապես փորձում են նվազեցնել բռնությունները և կանխել լայնամասշտաբ էսկալացիան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ բոլոր հանդիպումներն այդ կոնտեքստում են տեղի ունենում։
Հետևաբար, ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից էլ ինչ-որ բան սպասել պետք չէ, դա կլինի հերթական հանդիպում.
«Ադրբեջանն ակնհայտորեն չի ցանկանում կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Այդ մասին շատ հստակ չի ասում քաղաքական լեզվով, բայց բացահայտ ասում է քաղաքագետների միջոցով։ Մասնավորապես, քաղաքագետ, պատգամավոր Մուսաբեկովի հարցազրույցում հստակ ասվում էր, որ Ադրբեջանը պատրաստ չէ վստահության մեխանիզմների ձևավորմանը, քանի որ այդ դեպքում, ըստ նրանց, կամրանան հայկական կողմի դիրքերը։ Որքան շատ է համաշխարհային վերահսկումը, այնքան ավելի են ամրանում Հայաստանի դիրքերը։ Այդպես է մտածում պարոն Մուսաբեկովը, և ես նրա հետ համաձայն եմ»։