Բաժիններ՝

Ով է դանակահարել հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանին. հետախուզում է հայտարարվել

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պրոֆեսորին իր աշխատասենյակում ծանր մարմնական վնասվածք է պատճառել հոգեբանական կենտրոնի այցելու, 1983 թ. ծնված Հ. Համբարձումյանը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը հուլիսի 20-ին որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերով և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է: Հ.Համբարձումյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս