Մահացածի հարբած հարազատները Վաղարշապատի հիվանդանոցում աղմուկ են բարձրացրել, վնասել գույքը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի հիվանդանոցում երեկ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Բուժհաստատություն տեղափոխված մահացած տղամարդու հարբած հարազատներն ու ընկերներն այնտեղ աղմուկ են բարձրացրել, ջարդել վերակենդանացման բաժանմունքի գույքը, բժիշկներին մեղադրել նրա մահվան մեջ: Երեկ երեկոյան դեռ այնտեղ ոստիկաններ էին աշխատում:
Վաղարշապատի հիվանդանոցի փոխտնօրեն Մելիք Կոնդյանը մեր զրույցում մանրամասնեց, որ մոտ 60 տարեկան տղամարդը, որը մոտակա գյուղերից մեկի բնակիչ է, բուժհաստատություն է հասցվել շտապօգնության մեքենայով՝ արդեն փաստացի մահացած: Վերակենդանացման միջոցառումները արդյունք չեն տվել:
«Շնչարգելություն է ունեցել, ընկել է: Հիվանդանոց բերել են արդեն մահացած: Ամեն դեպքում հանկարծամահությունների ժամանակ վերակենդանացման միջոցառումներ են իրականացվում, ինչ որ պարտավոր են բժիշկները անել, արել են, ձեռքերը ծալած չեն նստել, որ ասեն` ահա, չօգնեցին և այլն: Բայց դե, ինչպես միշտ, համարում են, որ բժիշկները մեղավոր են»,- ասաց փոխտնօրենը: Նրա խոսքով՝ մահացածն ու նրա ետևից հիվանդանոց եկած մարդիկ մինչ այդ խնջույքի են մասնակցել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։