Հին նմուշի անձնագրերի ժամկետներն այլևս չեն երկարաձգվի
«ՀՀ ուքաղաքաց անձնագրի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց 1998 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ նախատեսված անձնագրերը երկարաձգելու պահանջը:
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգելու հնարավորություն չի նախատեսում, մինչդեռ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշումը հնարավորություն է ընձեռում երկարաձգել հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը:
«Հասարակական հարաբերությունների զարգացման ընթացքում ներկայումս մի շարք երկրներ, այդ թվում՝ եվրոպական պետությունները և ԱՄՆ-ն, երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք, ինչը առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը:
Բացի այդ, 10 տարի ժամկետով տրված անձնագիրը 5 տարով երկարաձգելու դեպքում պրակտիկայում խնդիրներ են առաջանում նաև անձնագրում փակցված լուսանկարի հետ քաղաքացիներին նույնացնելու ժամանակ, ինչը ևս հաճախ առաջ է բերում քաղաքացիների դժգոհությունը»,- ասաց Եղիազարյանը:
Նախագծերի ընդունման արդյունքում կբացառվեն երկարաձգված անձնագրերն օգտագործելիս ՀՀ քաղաքացիների համար առաջացող հնարավոր խնդիրները: