«Ադրբեջանին թույլ չեն տա գնալ լայնածավալ պատերազմի». Անդրանիկ Միհրանյան

Ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Միհրանյանը, որն օրերս եղել է Արցախում, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հայկական կողմը հսկայական աշխատանք է տարել մարտական հենակետերի ամրացման և վերազինման ուղղությամբ։

«Ես եղել եմ Մարտակերտում և Հադրութում. ակնհայտ կերպով մասշտաբային աշխատանքներ են տարվում հենակետերի ամրացման ուղղությամբ։ Շատ բան է արվել, իհարկե, դա կարելի էր ավելի վաղ անել, բայց նախորդ տարվա պատերազմից հետո շատ բաներ նորովի բացահայտվեցին և թերություններն ակնհայտ դարձան։ ԱՀ-ի ղեկավարությունն ու զինվորականները շատ բան են արել, որպեսզի չկրկնվեն ապրիլյան քառօրյա պատերազմի իրադարձությունները։ Զինվորականների ռազմական ոգին շատ բարձր է։ Հասկանում եմ, որ շատերը տագնապային սպասումներ ունեն, որովհետև պարզ չէ՝ երբ ու ինչ կերպով կոնֆլիկտը կկարգավորվի, և դա չի կարող անհանգստություն չառաջացնել»։

Քաղաքագետն ընդգծում է՝ Արցախում տեսել է մարդկանց, որոնք արդեն սկսել են թթից օղի թորել. «Դա ինձ շատ լուրջ պրոցեդուրա թվաց»։

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքին, նա նկատեց, որ համանախագահները տարբեր պատճառներով ոչ միայն անհրաժեշտ ճնշում չեն գործադրում Ադրբեջանի վրա, այլ նաև ինքը մի հանդիպման ժամանակ հարց է բարձրացրել, թե ինչու ընդհանրապես փորձ չի արվում խոսել այն մասին, որ տարածաշրջանին զենք չառաքվի, գոնե հարձակվողական զենք, ինչն այս պահին ակտիվ կերպով իրականացվում է։

Կարդացեք նաև

«Ինձ թվում է, որ տարածաշրջանում հետաքրքրությունները շատ են, համանախագահներն էլ համամիտ են միմյանց հետ, բայց քաղաքական կամք չեն ցուցաբերում, կամ ռեսուրսները չեն բավարարում, որ Ադրբեջանի վրա ազդեցություն ունենան։ Չեմ կարող չասել, որ այս համատեքստում մեծ դեր է խաղում նաև Ռուսաստանի երկակի դիրքորոշումը։ Փորձելով իր դիրքերը պահպանել հետսովետական տարածքում՝ ռուսական կողմը, չնայած նրան, որ Ադրբեջանը ՀԱՊԿ կամ ԵՏՄ անդամ չէ, Ադրբեջանի հետ երկկողմ և արդեն եռակողմ հարաբերություններով փորձում է իր դիրքերն ամրապնդել Հարավային Կովկասում»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ դա հուսալի ճանապարհ չէ՝ ռուսական դիրքերը Հարավային Կովկասում ամրապնդելու համար։

«Դրա համար համանախագահներն էլ միգուցե չունեն միասնություն՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշում բանեցնելու հարցում»,- հավելեց նա։

Անդրանիկ Միհրանյանը նաև նշեց, որ գերտերություններին այս պահին պետք չէ պատերազմ տարածաշրջանում. «Ադրբեջանին թույլ չեն տա գնալ լայնածավալ պատերազմի, դրանում ոչ ոք հետաքրքրված չէ։ Նրանք հետաքրքրված են Սիրիայի, Իրաքի, քրդերի, ԻԼԻՊ-ի հարցերով։ Բայց չեմ բացառում Ադրբեջանի, այսպես ասած՝  արկածային փորձերը։ Բայց կրկնում եմ՝ լայնածավալ պատերազմի հավանականությունը բացառում եմ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս