Թուրքիան մեղադրել է Գերմանիային երկրի ներքին գործերին խառնվելու մեջ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Գերմանիայի կառավարությանը իր երկրի ներքին գործերին ու դատական համակարգին միջամտելու մեջ: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ:
Պաշտոնական Անկարան հայտարարել է, թե գերմանացի իրավապաշտպան Պետեր Ստոյդթների կալանավորումը տեղի է ունեցել միջազգային օրենքի շրջանակում:
«Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակի և կառավարության խոսնակի կողմից արված հայտարարությունները ուղղակի միջամտություն են թուրքական դատական համակարգին և անցնում են սահմանները: Այդ հայտարարություններն անընդունելի են»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Թուրքական կողմը հայտարարել է, որ Բեռլինից հնչեցված հայտարարություններն ի ցույց են դրել Թուրքիան «թիրախավորող տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամներին գրկաբաց ընդունողների, ահաբեկիչներին արդարադատության հանձնելու գործընթացը խոչընդոտողների՝ օրենքի նկատմամբ մոտեցման հարցում ունեցած երկակի ստանդարտները»:
Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը՝ Իդիլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:
Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Ձերբակալվածների շարքում են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավարն ու նույն կազմակերպության աշխատակիցը:
Գերմանիան Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընին հուլիսի 19-ին կանչել էր արտաքին գործերի նախարարություն և բողոքի նոտա հղել պաշտոնական Անկարային՝ կապված Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Պետեր Ստոյդթներին ձերբակալելու, ապա նաև կալանավորելու հետ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շեֆերը հայտնել է, որ դեսպանին պարզ լեզվով ասել են, որ առանց ժամանակ կորցնելու թուրքական կողմն ազատ արձակի Գերմանիայի քաղաքացի Ստոյդթներին:
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը իրավապաշտպանի կալանավորումից հետո կիսատ է թողել արձակուրդն ու վերադարձել է Բեռլին:Ակնկալվում է, որ հուլիսի 20-ին Գաբրիելը հանդես կգա հայտարարությամբ՝ պատասխանելով Գերմանիայի քաղաքացուն կալանավորելու թուրքական կողմի քայլին: Նախքան հայտարարություն անելը նա խորհրդակցություն է անցկացնելու արտգործնախարարությունում: