Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման գործով 4 մեղադրյալների կալանքը երկարաձգվել է. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյանի) սպանությունը նախապատրաստելու գործով 4 մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երեկ ևս երկու ամսով երկարաձգվել է:
Ասյ տեղեկությունը մեր զրույցում հաստատեց գործով մեղադրյալ Արկադի Քոչինյանի պաշտպան Արմեն Ֆանյանը: Վերջինս, սակայն, նախաքննության գաղտնիքից ելնելով՝ չասաց, թե նախաքննական մարմինն այս անգամ ինչ հիմնավորումներ է ներկայացրել կալանքը երկարաձգելու վերաբերյալ: Նա նաև ասաց, որ իր պաշտպանյալը դեռ գտնվում է մենախցում: Նշենք, որ Արկադի Քոչինյանը մտահոգված է իր անվտանգության համար, ուստի պահանջել էր իրեն մենախուց տեղափոխել: Արմինե Ֆանյանն ասաց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:
Խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Զոհրաբ Ղումաշյանի կալանքը նույնպես երկարաձգվել է: Նրա պաշտպան Սյուզաննա Խչեյանն ասաց, որ երեկ ներկայացրել են այլընտրանքային խափանման միջոց. գրավ՝ 10 միլոն դրամի չափով, սակայն դատարանը մերժել է այն: Խչեյանը նույնպես պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության մասին և այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին։ Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երեք անձ. որոշ ժամանակ անձ խմբին օժանդակելու համար կալանավորվել է նաև Զոհրաբ Ղումաշյանը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, կալանավորված երեք անձանցից երկուսը շինարար են, մեկը՝ խոհարար: Սույն գործի շրջանակներում Դոն Պիպոն տուժող է ճանաչվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: