Լապշինը չի ճանաչել իր դեմ ներկայացրած մեղադրանքները. բլոգերն օգտվել է վերջին խոսքի իր իրավունքից
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բաքվում կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինն իր ելույթում պահանջել է արդարացնել իր պաշտպանյալին: Նա հայտարարել է, որ Լապշինի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներն անհիմն են: «Փորձագետների կարծիքները չեն հինվում վստահելի ապացույցների վրա, քանի որ իր հոդվածներում Լապշինը կոչ չի արել խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Չերնինը:
Վերջին խոսքի իր իրավունքից է օգտվել Լապշինը, ով հայտարարել է, որ չի ճանաչում իր դեմ ներկայացված մեղադրանքները:
Դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ Լապշինի գործով վճիռը կայացնելու:
Ավելի վաղ դատախազը պահանջել էր բլոգերին դատապարտել 6 տարի և վեց ամիս ազատազրկման:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5-8 տարվա ազատազրկում:
Լապշինի կինը՝ Եկատերինան, պարբերաբար իր մտահոգություններն է հայտնում ամուսնու առողջական վիճակի մասին՝ ընդգծելով, որ ադրբեջանական լրատվամիջոցները սխալ տեղեկատվություն են տարածում՝ ասելով, թե նա իրեն նորմալ է զգում: Եկատերինան հայտնել է, որ բանտարկվելուց հետո Լապշինի մոտ սկսվել է տախիկարդիա և նյարդացավ: Բացի այդ, նա ցավեր ունի գոտկատեղի հատվածում և ոտքում, ինչի հետևանքով դժվարությամբ է տեղաշարժվում: Եկատերինան ահազանգել է, որ նման առողջական վիճակ ունեցող մարդուն պետք է լուրջ բուժզննման ուղարկել հիվանդանոց, այլ ոչ թե բուժել մեկուսարանի բուժկետում: