Արայիկ Հարությունյանը ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արմեն
Վարչապետը ողջունել է հիմնադրամի պատրաստակամությունը արցախյան ընկերություններին ներդրումային և արտահանման հարցերում աջակցելու գործում: Նա կարևորել է կառույցի հետ ԱՀ համապատասխան մարմինների համագործակցության հետագա խորացումը՝ առկա ներուժի ավելի արդյունավետ իրացման և փորձի փոխանակման նպատակով:
Ա. Հարությունյանն առաջարկել է, արտահանման արդյունավետությունը բարձրացնելու և համապատասխան ծավալներ ապահովելու համար, զբաղվել նաև որոշ ապրանքատեսակների բրենդավորմամբ, որպեսզի մի քանի ընկերություններ հնարավորություն ունենան միևնույն ապրանքանիշի տակ արտադրանք թողարկել:
«Կարծում եմ՝ նման հնարավորության դեպքում վերամշակող ընկերությունները կարող են ավելի արդյունավետ աշխատել, քանի որ առանձին-առանձին հաճախ դժվարանում են արտահանման համառ ապահովել պահանջվող մեծ ծավալները»,- ասել է վարչապետը: Ա. Հարությունյանն ուշադրություն է հրավիրել նաև կառավարության առաջիկա ծրագրերին՝ նշելով, որ նոր ծրագրեր են մշակվում Արցախում նռան և մեղրի արտադրության ծավալների մեծացումը խթանելու ուղղությամբ:
Գործադիր իշխանության ղեկավարի խոսքով՝ կատարված գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ տեղական կլիման և բուսածածկն ապահովում են նշված երկու ապրանքների որակյալ արտադրությունը:
Արմեն Ավակ Ավակյանը վարչապետին է ներկայացրել ՀԶՀ աջակցության գործիքակազմը՝ շեշտադրելով, որ ներկայումս հիմնադրամն իր աջակցության ծրագրերում ընդգրկում է արտահանման ուղղվածություն ունեցող արցախյան ընկերություններին:
Նրա խոսքով՝ արդեն որոշ կազմակերպություններ ընդգրկվել են հայաստանյան և միջազգային ցուցահանդեսներում և գործարար համաժողովներում, ինչը որոշակի արդյունքներ է ապահովել արցախյան ընկերությունների համար: Անդրադառնալով հանդիպման ընթացքում վարչապետի կողմից արված առաջարկություններին՝ ՀԶՀ ղեկավարը նշել է, որ պատրաստ են գործնական քայլերի վերածել դրանք, քանի որ դրանք իսկապես կարող են լուրջ խթան հանդիսանալ փոքր ընկերությունների զարգացմանը:
Արմեն Ավակ Ավակյանը հավաստիացրել է, որ շարունակելու են ընդլայնել և խորացնել տեղի արտադրողների և Արցախի ներդրումային ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների հետ համագործակցությունը՝ փորձի փոխանակման և փոխօգնության նպատակով: