Մալոռոսիա ստեղծելու գաղափարն անհանգստացրել է ԱՄՆ Պետդեպին
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում անհանգստությամբ են ընկալել Ուկրաինայի արևելքում Մալոռոսիա պետություն ստեղծելու մասին հայտարարությունը, և անհրաժեշտ չեն համարում այսպես կոչված «սեպարատիստներին» այդ թեմայի շուրջ մանրամասն մեկնաբանությունների արժանացնել: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
«Մենք լսել ենք, որ այսպես կոչված սեպարատիստներն ուկրաինական տարածքում ցանկանում են ինչ-որ նոր պետություն ստեղծել, և դա չի կարող մեզ մոտ անհանգստություն չառաջացնել: Սակայն ես չէի ցանկանա նրանց պատասխանի արժանացնել»,- Վաշինգտոնում ճեպազրույցի ընթացքում ասել է Պետդեպի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:
Ավելի վաղ, ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել էր Մալոռոսիա նոր պետություն ստեղծելու մասին:
Կրեմլում արդեն հայտարարել են, որ Զախարչենկոյի՝ Մալոռոսիայի թեմայով հայտարարությունը «հանդիսանում է նրա սեփական նախաձեռնությունը»: «Մենք հավատարիմ ենք մնում մինսկյան պայմանավորվածություններին»,- այդ կապակցությամբ ընդգծել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: