
Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականների հետ բանակցությունները շարունակվում են. քաղաքապետարան

Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականների հետ շարունակվում են բանակցությունները նրանց այլ տոնավաճառներ տեղափոխելու համար: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կառավարության որոշմամբ, տարածքը հանրային գերակա շահ էր ճանաչվել դեռ 2007 թվականին։ Այն պետք է իրացվի քաղաքաշինական ծրագիր կյանքի կոչելու համար։
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ քաղաքապետարանում դեռևս մեկ ամիս առաջ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին այլ տոնավաճառներում տեղավորելու աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ հունիսի 19-ից 20 առևտրականներ տեղափոխվել են այլ տոնավաճառներ, իսկ մյուսների հետ բանակցությունները դեռևս շարունակվում են: Նշվել է, որ պետք է լուծվեր ևս 30 առևտրականների տեղափոխման հարցը:
Հուլիսի 19-ի վաղ առավոտյան փորձ է արվել ապամոնտաժել Ֆիրդուսի շուկան: Հարակից տների բնակիչները թույլ չեն տվել: