«Մի հատ լիֆտ դրեք», «վիրավոր մարդիկ ենք, խոշտանգո՞ւմ եք մեզ». «Սասնա ծռերի» գործով նիստն ընդմիջվել է
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակում է քննել «Սասնա ծռեր» խմբի անդամների մի մասի վերաբերյալ քրեական գործը: Դատական նիստը սկսվելուն պես ընդմիջվեց. նիստերի քարտուղարը հայտնեց, որ գործով որոշ պաշտպաններ չեն ներկայացել դատական նիստին:
Փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Արայիկ Պապիկյանը, Հայկ Աումյանը դիդմումներ էին ներկայացրել դատարանին: Պաշտպան Արա Ղարագյոզյանը հայտարարեց, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը գտնվում է դատարանում, սակայն դատական կարգադրիչները փորձում են խուզարկել նրան և թույլ չեն տալիս, որ նա ներս մտնի նիստերի դահլիճ: Դատավորը նշեց, որ նիստն ընդմիջվում է 20 րոպեով, ինչին Պավել Մանուկյանն արձագանքեց.
«Իջնենք, նորից հելնե՞նք: Մի հատ լիֆտ դրեք»: «Վիրավոր մարդիկ ենք, խոշտանգո՞ւմ եք մեզ»,- ասաց ամբասանյալ Աշոտ Պետրոսյանը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ ամբասանյալներն, ովքեր առողջական խնդիրներ ունեն, կարող են մնալ նիստերի դահլիճում, իսկ մյուսները պետք է տեղափոխվեն խուց: Նշենք, որ դատական նիստն անցկացվում է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: