Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի այցն Արցախի Հանրապետություն
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում, հուլիսի 16-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՊԲ շտաբում կայացած խորհրդակցությանը, որի ժամանակ Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը ներկայացրել է ընթացիկ տարվա ձեռքբերումները, կատարված և ընթացքի մեջ գտնվող հիմնական աշխատանքները:
Անդրադարձ է կատարվել ՊԲ շտաբում սարքերի միասնական կառավարման համակարգի ներդրման, մարտական հենակետերի լրակահավորման, ինժեներական և ամրաշինական կառույցների ամրապնդման հարցերին:
Նույն օրը ՊԲ զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նորակոչիկների հետ, հետաքրքրվել բանակային կյանքի առաջին օրերի տպավորություններով։ «Դուք եկել եք կատարելու հայրենիքը պաշտպանելու անչափ կարևոր առաքելությունը: Վստահեցնում եմ, որ ողջ հայ ժողովուրդը՝ ոչ միայն ձեր ընտանիքները, այլև բոլորը, ուշի-ուշով հետևում են ձեր ամեն քայլին, ձեր արձանագրած ամեն մի հաջողությանը և մտահոգվում ձեզ հուզող խնդիրներով: Ես երաշխավորում եմ, որ ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն անում են հնարավորը, որպեսզի ձեր ծառայությունն անցնի առավալագույնս արդյունավետ»,- դիմելով նորակոչիկներին, նշել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանը, զինվորական ճաշարանում, ընթրել է զինվորների հետ:
Ավելի ուշ, զորամասի շարահրապարակում, ՀՀ պաշտպանության նախարարն ու զինանձնակազմը դիտել են «Կյանք ու կռիվ 2» ֆիլմը:
Վիգեն Սարգսյանն այցելել է նաև ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած Վարդան Ավակիմյանին: ՀՀ պաշտպանության նախարարը զորացրված երիտասարդից հետաքրքրվել է զինվորական ծառայության հետ կապված ամենատարբեր խնդիրների մասին և ներկայացրել «Դիտակետ» անվանումով նոր նախագիծը, որով նախատեսվում է անանուն հարցումներ իրականացնել զորացրված զինծառայողների շրջանում, որոնց արդյունքներով հնարավոր կլինի վերհանել ծառայության ընթացքում զինծառայողների արձանագրած հիմնական բացթողումները և նախանշել դրանց լուծման առավել արդյունավետ ուղիները:
Եռօրյա այցի վերջին օրը՝ հուլիսի 17-ին, ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր, զրուցել դիրքապահների հետ, ծանոթացել հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև հակառակորդի հնարավոր ոտնձգություններին առավել նպատակային հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Արցախ կատարած այցի շրջանակում Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև Հադրութում մեկնարկած համահայկական ուսանողական ճամբարի մասնակիցների հետ, պատասխանել ճամբարականներին հետաքրքրող հարցերին: