Պատմական արդյունքի հետևից. «Ալաշկերտ»-ԲԱՏԷ
Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 20:00-ին տեղի կունենա Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի հերթական հանդիպումը, որտեղ Երևանի «Ալաշկերտը» կմրցի բելառուսական ԲԱՏԷ-ի հետ:
Հայկական ակումբի համար սա շատ կարևոր խաղ է, քանի որ առաջին խաղում նա ստացել է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն: Եթե հայկական ակումբը կարողանա հաղթել կամ 0:0 հաշվով ավարտել հանդիպումը, ապա պատմական արդյունք կգրանցվի:
Այս կարևոր խաղից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշում է, որ նախորդ խաղից արդյունքը գոհացնում է, թիմը վատ մարզավիճակում չէ և պատրաստ է խաղին:
Ըստ Աբրահամ Խաշմանյանի՝ թե՛ ինքը, թե՛ ֆուտբոլիստները գիտեն, որ իրենցից սպասումները մեծ են:
«Մենք միայն լավ խաղի մասին ենք մտածում: Հոգեբանական վիճակը շատ կարևոր է:
«Ալաշկերտը» եվրոպական մրցաշարերում դրական բալանս ունի: Կապ չունի, թե ինչ են խոսում չակերտավոր գիտնականները:
Մենք խաղալու ենք՝ ըստ իրավիճակի: Եթե մտածենք միայն գոլ բաց չթողնելու մասին, անպայման կպարտվենք: Գուցե շեշտը դնենք պաշտպանության վրա, բայց չենք խաղալու 0:0 հաշվի համար: Թիմը շատ հասուն է և գիտի, որ պետք եղած ժամանակ պետք է հարձակվել, պետք եղած ժամանակ էլ՝ պաշտպանվել»:
Սպասվում է, որ Երևանում կայանալիք խաղին կլինեն մեծ քանակությամբ երկրպագուներ: Հայկական ֆան ակումբներից երկուսը՝ Red Eagles-ը և FAF-ը, հայտարարություններ են տարածել, որտեղ նշում են, որ աջակցելու են եվրոպական մրցաշարերում պայքարը շարունակող միակ հայկական ակումբին:
Աբրահամ Խաշմանյանը դեռ Բելառուսում էր նշել, որ Հայաստանում սպասում է երկրպագուների աջակցությանը:
«Մարդիկ սպասում են վաղվա խաղին, մենք պետք է ամեն ինչ անենք ժողովրդի համար:
Մենք շատ ունենք աջակցության կարիք և շնորհակալ ենք բոլորին մեր կողքին լինելու համար»:
Աբրահամ Խաշմանյանը նշել է 3 գործոն, որի շնորհիվ թիմը կարող է հաղթել ՝ անմնացորդ նվիրում, խաղային կարգապահություն և ֆիզիկական վիճակ:
Սիրարփի Աղաբաբյան