ԵՊՀ-ն և ISTC-ն համատեղ կիրականացնեն «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը
IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել ISTC Outthink University Startup Culture միջոցառումը:
Միջոցառման ընթացքում ISTC կենտրոնի կրթական ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը խոսել է կենտրոնի կողմից մշակված և իրականացվող կրթական ծրագրերի և կենտրոնի առաջիկա նախաձեռնությունների ու զարգացումների մասին:
Բացի այդ, ներկայացվել է նոր մագիստրոսական ծրագիր, որն իրականացնում են ԵՊՀ-ն և ISTC-ն համատեղ: Մագիստրոսական ծրագիրը կոչվում է «Տվյալների գիտությունը բիզնեսում»: Սեպտեմբերին մեկնարկող և 1 տարի 6 ամիս տևողությամբ մագիստրոսական այս ծրագիրը գործելու է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում: Այն բաց է Հայաստանի բոլոր ուսանողների համար՝ անկախ բուհից:
Դասընթացների մեծ մասը կիրականացվի ISTC կենտրոնում և հիմնված կլինի IBM ակադեմիական նախաձեռնության կրթական ռեսուրսների վրա՝ ներառելով ծրագրավորման հատուկ դասեր: Բոլոր դասավանդող դասախոսները կանցնեն համապատասխան վերաորակավորման դասընթացներ:
«ISTC Outthink University Startup Culture»-ի ընթացքում տեղի է ունեցել ISTC Ակադեմիա ուսումնական ծրագրի ավարտական միջոցառումը, որի ընթացքում ուսանողները ստացել են իրենց ավարտական վկայականները: Ծրագիրն անցկացվում է արդեն 4-րդ անգամ: 300 դիմորդներից ծրագրին մասնակցելու հնարավորություն էր ստացել 30 ուսանող՝ Հայաստանի տարբեր համալսարաններից:
4 ամիս շարունակ ուսանողները մասնակցել են դասընթացների՝ 2 հիմնական ուղղությամբ․
- բիզնես(Թվային մարքետինգ և անալիտիկա, SEO, PPC and E-Mail մարքետինգ, Բիզնես վերլուծություն և վիճակագրություն IBM SPSS ծրագրի միջոցով, Ձեռնարկատիրություն, Ֆինանսական վերլուծություն և IBM Cognos, Բիզնես պրոցեսների կառավարում և IBM BPM)
- տեխնոլոգիական(Java հավելվածների ծրագրավորում, Python և բջջային հավելվածների ծրագրավորում, Կիբերանվտանգություն, Աշխարհագրական տվյալների բազաների կառավարում, Մեքենայական ուսուցում, Հավելվածների ծրագրավորում IBM Watson և IBM Bluemix միջավայրում):
Այնուհետև մասնակիցներից ձևավորվել են թիմեր, որոնք աշխատել են սեփական բիզնես նախագծերի վրա:
Նախագծերի թվում մի շարք հետաքրքիր ստարտափներ են: Օրինակ՝
- «Joby»հավելվածը, որը, առանց ինքնակենսագրական տվյալների (CV) առկայության, կօգնի հեշտ և արագ գտնել աշխատանք, որը կհամապատասխանի մարդկանց հմտություններին:
- In.D թիմիկողմից լրացված՝ իրականության հիման վրա ստեղծված «Spots» խաղը, որի միջոցով կարելի է քաղաքում զբոսնելիս լուծել տարբեր վիկտորինաներ:
- «MeNew»ինովացիոն մենյու հավելվածը, որը թույլ է տալիս ֆիլտրել մենյուն՝ ըստ նախասիրությունների: «Easy Parking»-ը, որի միջոցով հնարավոր է արագ գտնել կայանատեղի և անվտանգ կայանել մեքենան՝ խնայելով ձեր ժամանակը:
Ավարտական ծրագրերի ներկայացումից հետո ձեռներեց (Serial entrepreneur, BA consultant) և ռազմավարական խորհրդատու Չուս Լոզանը ներկայացրել է միջազգային փորձը՝ ստարտափ մշակույթի ձևավորման և էկոհամակարգի զարգացման տեսանկյունից: Հատուկ անդրադարձ է արվել Հայաստանում Business Angel ցանց ստեղծելուն և դրա հետ կապված հնարավորություններին:
Միջոցառման ընթացքում հայտարարվեց նաև «YSU Startup Challenge Summer 2017»-ը, որի նպատակն է՝ օգնել ուսանողական թիմերին՝իրականություն դարձնել իրենց գաղափարներն ու նախագծերը: Մրցույթը նախատեսված է միայն ԵՊՀ ուսանողների համար:
Սիրարփի Աղաբաբյան