Իրաքում ստեղծված եզդիական կուսակցությունը աջակցում է Քուրդիստանի հանրաքվեին
Իրաքի Շինգալի և Նինվեի նահանգներում ապրող եզդիների կողմից ստեղծված «Եզդիական ժողովրդավարական կուսակցություն»-ը, որն արդեն անց է կացրել իր առաջին խորհրդաժողովը, ծրագրում է մասնակցել Իրաքում հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտնում է Rudaw լրատվական կայքը:
Նորաստեղծ կուսակցության նախագահ Հայդեր Շաշոն հայտարարել է, որ կուսակցության հիմնադրման հիմնական նպատակը՝ Իրաքի եզդիների իրավունքների պաշտպանումն ու դրանց համար պայքարն է:
Շաշոն հայտնել է, որ եզդիների նորաստեղծ կուսակցության կազմավորումը օրհնվել է Քուրդիստանի երկու հիմնական կուսակցությունների՝ «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության» և «Քուրդիստանի հայրենասիրական կուսակցության» կողմից:
Բացի այդ, եզդիների կուսակցության ղեկավարը նշել է, որ Շինգալի և եզդիական մյուս շրջանները պետք է մնան որպես Քուրդիստանի մաս և Էրբիլին կոչ է արել Շինգալն ընդգրկել սեպտեմբերին կայանալիք հանրաքվեում:
Իրաքի եզդիների կողմից կուսակցության առաջին խորհրդաժողովը տեղի է ունեցել նախորդ շաբաթ՝ Դոհուկ քաղաքում, որին մասնակցել է առնվազն 500 եզդի՝ ներկայացնելով ինչպես եզդիական, այնպես էլ Իրաքի այլ փոէրամասնությունների շահերը: Կուսակցության միակ գրասենյակը գտնվում է Սուլեյմանիում: