Բաժիններ՝

Գոհացնել գործատուին, ապահովել կայուն զբաղվածություն

Ի՞նչ ծրագրեր է իրականացնում Զբաղվածության պետական գործակալությունն աշխատաշուկայում առկա իրավիճակը և գործազրկության մակարդակը մեղմելու նպատակով, զբաղվածության ոլորտում ի՞նչ նոր նախաձեռնություններ են սպասվում առաջիկայում, ի՞նչ է փոխվել վարչապետի հանձնարարականների ֆոնին: Այս ամենի շուրջ «168 Ժամը» զրուցել է Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանի հետ:

Պարոն Մանգասարյան, ի՞նչ փոփոխություններ են իրականացվել զբաղվածության ոլորտում վերջին մեկ տարում:

– Ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ զբաղվածության ոլորտում, 2016 թվականի վերջին ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրվեցին և վերանայվեցին զբաղվածության պետական ծրագրերը, դրանց իրականացման ընթացակարգերը և ծավալները: Նաև խնդիր դրվեց՝ բարձրացնել հասարակության իրազեկման մակարդակը:

Մասնավորապես, զգալի փոփոխությունների ենթարկվեցին «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում», «Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրերի իրականացման ընթացակարգերը: Առաջին ծրագրում էլ ավելի հստակեցվեց շահառուների՝ ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունները, ինչպես նաև սահմանվեցին միանվագ փոխհատուցման չափը որոշող չափանիշեր: Այս տարվանից սկսած գործատուին տրվող գումարի չափը նախկին 200 հազարի փոխարեն՝ կտատանվի 50-200 հազարի սահմաններում՝ կախված անձի անմրցունակությունը որոշող հանգամանքներից:

Մեկ այլ փոփոխությամբ անմրցունակ անձանց հնարավորություն է տրվում նշված ծրագրում ընդգրկվել մեկից ավելի անգամ տվյալ ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:

– Ի՞նչ նպատակով են կատարվել Ձեր կողմից թվարկված փոփոխությունները:

– Կատարված բոլոր փոփոխությունների նպատակը մեկն է. բարձրացնել ծրագրերի կառավարման արդյունավետությունը, հասցեականությունը, մեծացնել ծրագրերի ծավալները, ավելի մեծ թվով շահառուների հնարավորություն տալ ծրագրերի միջոցով գտնել աշխատանք:

Այսպես, «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագրի համար 2017թ. համար պլանավորված 751 շահառուի փոխարեն՝ նախատեսվում է ծրագրում ընդգրկել 4500 շահառուի, իսկ «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագրում նախատեսված 477-ի փոխարեն՝ 1200 առաջին անգամ աշխատաշուկա մտնող երիտասարդի: Սրանք այն ծրագրերն են, որոնց արդյունքում գործազուրկները հեշտությամբ են ապահովվում կայուն զբաղվածությամբ:

– Խոսեցիք ծրագրերի կառավարման արդյունավետությունից: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ:

– Ելնելով ծրագրերի բնույթից՝ խնդիր դրվեց առանձին ծրագրերի իրականացումը պատվիրակել մասնագիտացված կառույցներին. այսպես, եթե մինչ այժմ գործազուրկների մասնագիտական ուսուցման ծրագիրը կազմակերպում էր մեր գործակալությունը, որը բավականին ռեսուրսատար գործընթաց էր՝ շահառուների հավաքագրումից մինչև ուսուցանող կազմակերպությունների ընտրություն, գնումների գործընթացի կազմակերպում, մոնիտորինգ:

Այս տարվանից սկսած մեր շահառուների համար, մեր կողմից ներկայացված հայտի հիման վրա, ՀՀ ամբողջ տարածքով ուսուցում կկազմակերպեն ՀՀ ԿԳՆ համակարգում գործող լիցենզավորված և հավատարմագրված կազմակերպությունները: Ակնկալում ենք, որ ուսուցման որակը կշահի, գործատուին կգոհացնենք, աշխատանք փնտրողի մրցունակությունը կբարձրանա: Բացի այդ, նշված քայլերի արդյունքում կխնայվեն ռեսուրսներ, այդ թվում՝ ժամանակ, որոնք կուղղվեն մեր հիմնական շահառուներին՝ գործատուներին և աշխատանք փնտրողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Ի վերջո, մեր հիմնական նպատակը գործատուի պահանջներին համապատասխան աշխատուժ, լավ աշխատող տրամադրելն է:

– Ի՞նչ ծրագրեր եք այժմ իրականացնում:

– Ներկայումս իրականացնում ենք «Մասնագիտական ուսուցում», «Գործատուին միանվագ փոխհատուցում» և «Աշխատանքային պրակտիկա» ծրագրերը: Առաջին 2 ծրագրերի նպատակը ծրագրում ընդգրկված անձանց հմտությունների և կարողությունների ավելացումն է. առաջին ծրագրի դեպքում՝ ուսումնական հաստատության կողմից, երկրորդի դեպքում՝ աշխատավայրում: «Աշխատանքային պրակտիկա» ծրագիրն ուղղված է կրթություն ստացած, սակայն աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին. 3 ամիս ստացած կրթությամբ պրակտիկա անցնելով գործատուի մոտ՝ մեծանում է նրանց աշխատանք գտնելու հնարավորությունը՝ շատ հաճախ հենց նույն գործատուի մոտ:

Նախատեսված է նաև տարվա ընթացքում կազմակերպել 12 աշխատանքի տոնավաճառ: Այս տարի ունենք նաև նոր նախաձեռնություն. «Բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած գործազուրկներին` պետական կառավարչական հիմնարկներում և համայնքային կառավարչական հիմնարկներում, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում՝ աշխատանքային, իսկ մասնագիտության պահանջի առկայության դեպքում` մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը կսկսենք իրականացնել համապատասխան իրավական ակտերի հաստատումից հետո:

Ծրագիրն իրականացվելու է քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ և նպատակ ունի երիտասարդ մասնագետներին ներգրավել հանրային կառավարման համակարգ, ինչը կապահովի որակյալ կադրերով համալրելու հնարավորությունները:

– Պարոն Մանգասարյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը աշխատաշուկայում և ինչպե՞ս եք արձագանքում իրավիճակի փոփոխություններին:

– Հարցին պատասխանելու համար բերեմ մի քանի ցուցանիշ. Մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը 95.4 հազար է, որից 79.7 հազարը գործազուրկ է: Հատկապես բարձր է գործազուրկ կանանց թիվը՝ 65.6 %-ը: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23.6 %-ը, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք՝ 3,7%:  Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերը պլանավորելիս այս ցուցանիշները հաշվի են առնվում. Այսպես, 2016 թվականի ընթացքում տարածքային կենտրոնների միջոցով աշխատանքի է տեղավորվել շուրջ 17400 անձ, որը կազմում է հաշվառված գործազուրկների շուրջ 20 %-ը:

Աշխատանքի տեղավորվածների թվում 3714-ը երիտասարդ են, 990-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ: Այս տարեսկզբից աշխատանքի տեղավորվածների թիվը 2738 է, որից 916-ը՝ երիտասարդ, 59-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ է: Իսկ իրավիճակի փոփոխություններին արձագանքելու համար նախ յուրաքանչյուր տարի վերլուծվում և վեր են հանվում աշխատաշուկայի հիմնախնդիրները, այնուհետև մշակվում են այդ հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրային առաջարկներ, որոնց մի մասը կյանքի է կոչվում:

– Ինչպիսի՞ հիմնախնդիրներ են վեր հանվել, և առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր եք նախատեսում իրականացնել զբաղվածության ոլորտում:

– Հիմնախնդիրներն աշխատաշուկայում շատ են, սակայն՝ որպես առաջնահերթություն, կառավարության կողմից շեշտադրվել են ժողովրդագրության ոլորտում առկա խնդիրները: Հենց այդ խնդիրների լուծմանն է ուղղված 2018թ. համար նախատեսված զբաղվածության կարգավորման երեք նոր ծրագիրը:

Առաջինը` «Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ երեխայի մինչև 2 տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար փոխհատուցման տրամադրման» ծրագիրն է: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է փոխհատուցել երեխայի նախադպրոցական հաստատության կամ դայակի վարձի որոշակի տոկոսը (մինչև 1 տարեկան երեխայի խնամքի դեպքում՝ 70, մեկից 2 տարեկան երեխայի խնամքի համար՝ 60 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի չափը):

Երկրորդը` «Երեխա ունեցող մինչև 24 տարեկան գործազուրկ կանանց բարձրագույն մասնագիտական կրթությանը նախապատրաստման աջակցության տրամադրման» ծրագիրն է, որով այդ կանանց հնարավորություն կընձեռվի ընդգրկվել ՀՀ ԿԳՆ-ի կողմից սահմանված կարգով լիցենզավորված և հավատարմագրված բուհերի կողմից իրականացվող երկարաժամկետ (ութամսյա) կամ արագացված (երկամսյա) դասընթացներում՝ երեք առարկա մեկ շահառուի համար սկզբունքով: Նախատեսվում է նաև նախապատրաստական դասընթացում ընդգրկված անձանց վճարել կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ի չափով: Երրորդ ծրագիրը`

«Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման» ծրագիրն է, որով նախատեսվում է նշված խմբի անձանց համար գործատուի մոտ կազմակերպել մինչև 6 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում, որի ընթացքում ուսուցանվող անձին ուսուցման ամբողջ ընթացքում կվճարվի կրթաթոշակ՝ նվազագույն աշխատավարձի չափով: Նախատեսված է ծրագրերը փորձարկել 2018թ.՝ ՀՀ պետական բյուջեով զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:

ՍՈՖԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս